Ադրբեջանական բանակը չի կռվում կանանց, երեխաների և տարեցների դեմ. Հիքմեթ Հաջիև

17:27   23 Սեպտեմբեր 2020    465

«Ադրբեջանական բանակը երբեք չի կռվել կանանց և ընդհանրապես խաղաղ բնակչության դեմ:

Ադրբեջանի Զինված ուժերն իրենց գործունեության մեջ միշտ առաջնորդվում են միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցեր բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանակը անհամբեր սպասում է այն օրվան, երբ գերի կվերցնի Հայաստանի վարչապետի կնոջը:

Նրա խոսքով, կանանց, երեխաների ու տարեց մարդկանց դեմ կռվում են և նրանց թիրախավորում են Հայաստանի զինված ուժերը:

«Մենք հերթական անգամ դրա ականատեսը դարձանք 2016 թվականի ապրիլյան մարտերում, այս տարվա հուլիսի 12-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի ուղղությամբ բախման ժամանակ: Հայաստանի զինված ուժերի կողմից բնակավայրերի նպատակային հրետակոծության արդյունքում զոհվեց մեր 76-ամյա քաղաքացի Ազիզ Ազիզովը:

Գուդրաթ Հասանգուլիևը փորձառու քաղաքական գործիչ է, երկար տարիներ հանդիսանում է Միլլի Մեջլիսի անդամ: Բոլորը պետք է խուսափեն սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են արատավորել բանակն ու պետությունը:

Եթե Գուդրաթ Հասանգուլիևը լիներ պետական պաշտոնյա, ապա որպես պատիժ՝ նախագահի կողմից կհեռացվեր պաշտոնից:

Հուսով ենք, որ կառավարության օրենսդիր թևը՝ Միլլի Մեջլիսը, օրենքով ամրագրված համապատասխան միջոցներ կձեռնարկի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները