Հրվ. Կորեան ՄԱԿ-ին խնդրել է օգնել ԿԺԴՀ-ի հետ խաղաղ պայմանագրի կնքման հարցում

20:12   23 Սեպտեմբեր 2020    216

Հարավային Կորեան ՄԱԿ-ին խնդրել է աջակցել ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դադարեցման մասին հռչակագրի կնքման հարցում։

Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, գրում է Bloomberg գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին լրացել է Կորեական պատերազմի 70 տարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պատերազմը պետք է ավարտվի, ամբողջովին և առհավետ։ Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը կաջակցեն, որպեսզի պատերազմի ավարտի հռչակագրի միջոցով քայլ կատարենք դեպի հաշտեցման և բարգավաճման դարաշրջան», -ասել է Հարավային Կորեայի նախագահը։

Մուն Չժե Ինը նաև կարծիք է հայտնել, որ այդ քայլը «ճանապարհ կհարթի լիակատար ապամիջուկայնացման և Կորեական թերակղզում մշտական խաղաղության հաստատման համար»։

Կորեական պատերազմը սկսվել է 1950թ. հունիսի 25-ին, ինչի հետևանքով ժամանակին միացյալ երկիրը բաժանվել է 2 մասի՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների: Պատերազմն ավարտվել է 1953թ-ին, սակայն երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները