Իսրայելի կառավարությունը հաստատել է կարանտինի խստացումը

11:57   24 Սեպտեմբեր 2020    262

Իսրայելի կառավարությունը հաստատել է երկրում հայտարարված լոքդաունը երկու շաբաթով է՛լ ավելի խստացնելու և ամբողջական կարանտին սահմանելու առաջարկը, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։

Խստացված միջոցառումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 25-ից։ Վաղվանից մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ կաշխատեն միայն մթերային խանութները և դեղատները, ինչպես նաև այն արտադրամասերը, որոնց արտադրական ցիկլը հնարավոր չէ կանգնեցնել։

Բողոքի ակցիաներ և դրսում աղոթքներ կարելի է անցկացնել 20 հոգանոց խմբերով՝ բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավորության վրա։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկ էր ներկայացրել կարանտինը խստացնելու վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ այն պետք է շարունակվի մինչև հրեական Սիմխատ Տորա տոնի ավարտը, որից հետո կարանտինը կշարունակվի ևս 2 շաբաթ, սակայն ոչ այնդքան խիստ՝ կախված համավարակի տարածման ցուցանիշներից։

Իսրայելում շարունակում է աճել ինչպես կորոնավիրուսի նոր դեպքերի, այնպես էլ հիվանդությունից մահացողների թիվը:Սեպտեմբերի 18-ին Իսրայելն աշխարհում առաջինը հայտարարեց երկրորդ համազգային լոքդաուն։ Առաջին լոքդաունը տևել էր մարտից մինչև մայիս։

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ մինչև օրս Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսի 204.690 դեպք, որոնցից 1325-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները