ՌԴ-ում հավաքարարը «պատահմամբ» հաղթել է գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում

12:19   24 Սեպտեմբեր 2020    236

Ռուսաստանի Կոստրոմայի մարզի Պովալիխինսկի գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել տվյալ շրջանի կառավարման շենքի հավաքարարը, գրում է pdmnews.ru կայքը:

Մարինա Ուդգոդսկայա անունով կինը խոստովանել է, որ իր թեկնածությունն առաջադրելու առաջարկությունը ստացել է գյուղապետ Նիկոլայ Լոկտևից, որն ընտրությունների ժամանակ իր միակ մրցակիցն է եղել:

«Ես ինքս չեմ առաջադրել թեկնածությունս: Ինձ Լոկտև Նիկոլայ Սերգեևիչն է խնդրել: Ուղղակի այլ մարդ չկար, և ես նրան ընդառաջ գնացի: Ցանկանում էի օգնել: Երկուսով ենք եղել: Չէի պատկերացնի, որ մարդիկ կքվեարկեն իմ օգտին, դեպքերի անսպասելի զարգացում էր: Ես ընդհանրապես որևէ բան չեմ արել, իսկ մարդիկ գալիս էին ու քվեարկում: Ես 84 ձայն եմ հավաքել, իսկ Լոկտևը՝ մոտ 46»,- իր հաղթանակը մեկնաբանել է Ուդգոդսկայան:

Հայտնի է, որ նորընտիր ղեկավարը պետք է պաշտոնը հոկտեմբերի 1-ին ստանձնի, սակայն նա դեռևս շարունակում է հավաքարարի աշխատանքը: Ուդգոդսկայան ծրագրում է ստանձնել պաշտոնը, այնուհետև փոխանցել լիազորությունները, քանի որ նա պատրաստ չէ ղեկավար պաշտոնի, փաստաթղթերի հետ աշխատելու փորձ չունի, անգամ չի պատկերացնում, թե բնակավայրում քանի գյուղ կա, և որքան մարդ է այնտեղ ապրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները