ԵՄ-ն Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չի համարում

15:37   24 Սեպտեմբեր 2020    236

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չէ և կհանգեցնի երկրում տիրող ճգնաժամի խորացման։

Hayatsk.info-ն հայտնում է, որ փ այս մասին Ջոզեպ Բորելը Եվրոպական Միության անունից հայտարարություն է տարածել։

«Եվրոպական Միությունը ևս մեկ անգամ կրկնում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններն ազատ և արդար չէին։ Եվրոպական Միությունը չի ճանաչում դրանց կեղծված արդյունքները։ Այդ պատճառով սեպտեմբերի 23-ի, այսպես կոչված, «երդմնակալությունը» և Ալեքսանդր Լուկաշենկոյի ստացած նոր մանդատը չունեն ժողովրդավարական օրինականություն։ Եվրոպական Միության դիրքորոշումը պարզ է. Բելառուսի քաղաքացիներն արժանի են ներկայացված լինել նրանց կողմից, ում իրենք կընտրեն նոր թափանցիկ և վստահելի ընտրությունների միջոցով», – ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։

Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն տպավորված է բելառուսների խիզախությամբ, ովքեր շարունակում են խաղաղ ցույցեր անցկացնել հանուն ժողովրդավարության և իրենց իրավունքների՝ չնայած Բելառուսի իշխանությունները կոշտ միջոցներով ճնշում են ցույցերը։

Լուկաշենկոյի երդմնակալությունն անօրինական են համարել նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ուկրաինան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և այլ երկրներ։

Tut.by լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը հարգում է Բելառուսի ժողովրդի կատարած ընտրությունը և դեմ է արտաքին ուժերի կողմից Բելառուսում անհանգստությունների ստեղծմանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի անսպասելի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Իրավապահները ցույցերը ցրելու համար գործի են դրել ջրցան մեքենաներ, էլեկտրաշոկերներ, որոշ դեպքերում ցուցարարներին ծեծել են մահակներով։

Բելառուսի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում տեղի է ունեցել 59 բողոքի ակցիա, շուրջ 5000 մարդու մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 364 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները