Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» նյութ չի ունեցել

16:59   24 Սեպտեմբեր 2020    241

Խորհրդային միությունն ու Ռուսաստանը երբեք հետազոտություն չեն անցկացրել «Նովիչոկ» թունավոր նյութի ստեղծման վերաբերյալ։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են համաձայնեցվում պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն երբեք նման նյութ չի ունեցել, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքերով՝ նյութի պաշարները ոչնչացվել են:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ո՛չ Խորհրդային միությունում, ո՛չ Ռուսաստանում, ի տարբերություն Արևմուտքի երկրների, «Նովիչոկ» պայմանական անվանմամբ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումներ երբեք չեն իրականացվել։ Կարող եմ միայն վերահաստատել, որ ՌԴ-ի դիրքորոշումն ու այս հարցում իրավիճակը որևէ փոփոխության չեն ենթարկվել»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է անհատների կողմից այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներին և ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, ապա դրանք մեկնաբանությունների կարիք չունեն: Մեր դիրքորոշումը ես հայտարարել ու վերահաստատել եմ»,- ասաց նա:

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հանդես է եկել պնդմամբ, որ Բունդեսվերի թունաբանները, հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի անալիզների արդյունքների վրա, եկել են այն եզրակացության, որ նա ենթարկվել է «Նովիչոկ» խմբից թունավոր նյութի ազդեցությանը:

Սեպտեմբերի 14-ին Բեռլինը հայտարարել է, որ ԵՄ-ի երեք լաբորատորիաները, այդ թվում ՝ Ֆրանսիայում և Շվեդիայում, հաստատել են գերմանական կողմի եզրակացությունները: Նավալնուց փորձանմուշներ են վերցրել նաև ՔԶԱԿ-ի փորձագետները, դրանք ուղարկվել են կազմակերպության ռեֆերենտ լաբորատորիաներ:

Սեպտեմբերի 15-ին Նարիշկինն հայտարարել էր, որ «դրանք (թունավոր նյութերը-խմբ․) ոչնչացվել են ՔԶԱԿ-ի արձանագրություններին և կանոնակարգերին համապատասխան, դա արձանագրվել է սահմանված կարգով»: Որոշ լրատվամիջոցներ այս խոսքերը մեկնաբանել էին այնպես, որ Ռուսաստանն ուներ «Նովիչոկի» պաշարներ, բայց հետո ոչնչացրել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները