Աբեն պատրաստ է իրեն փոխարինողին օգնել ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններում

19:10   24 Սեպտեմբեր 2020    294

Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան:

«Բանակցությունները, որոնցում բախվում են ազգային շահերը, չեն կարող դյուրին լինել: Բայց տարածքային հարցը չի կարելի առանց ուշադրության թողնել: Հուսով եմ, որ վարչապետ Սուգայի օրոք բանակցություններն ակտիվորեն կընթանան Ճապոնիայի եւ Ռուսաստանի հաշտության պայմանագիրը կնքելու համար: Ես դրանում կօգնեմ որպես շարքային պատգամավոր»,- ասել է Աբեն «Իոմիուրի» պարբերականին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկին վարչապետը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, «նախագահ Պուտինը նույնպես ցանկանում է միջնաժամկետ հեռանկարում լուծել (հաշտության պայմանագրի) խնդիրը եւ ամրապնդել Ճապոնիայի հետ հարաբերությունները»:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության պայմանագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան ստորագրել են Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնել է քննարկել Խաբոմայիի եւ Շիկոտանի հանձնումը հաշտության պայմանագիրը կնքելուց հետո, իսկ Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի արծարծվել: ԽՍՀՄ-ը հուսով էր, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան փաստաթուղթը համարել է խնդրի լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ հավակնություններից:

Հետագա բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել, հաշտության պայմանագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտվելուց հետո այդպես էլ չի ստորագրվել: Առկա է այն տեսակետը, որ լուրջ դիմադրություն է առաջացել ԱՄՆ-ի կողմից, որն սպառնացել է, որ եթե Ճապոնիան համաձայնի իրեն հանձնել չորս կղզիներից միայն երկուսը, դա կազդի Օկինավան Ճապոնիայի ինքնիշխանության ներքո վերադարձնելու գործընթացի վրա (Օկինավան Ճապոնիային վերադարձնելու վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1972 թվականին):

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ ՌԴ-ի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինձո-Աբե  


Վերնագիրի այլ պիտակները