Այս տարի Ամանորի տոնակատարությունը Թայմս Սքվերում տեղի կունենա վիրտուալ ձևաչափով

20:57   24 Սեպտեմբեր 2020    244

Այս տարի Նյու Յորքի Թայմս Սքվերում Ամանորի ավանդական տոնակատարությունը տեղի կունենա վիրտուալ ձևաչափով:

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է միջոցառման կազմակերպիչ Times Square Alliance-ի նախագահ Թիմ Թոմքինսը, գրում է Deadline-ը։

«Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ժամանակի հետհաշվարկը և Նոր տարվա սկիզբը միշտ անփոփոխ կմնա։ Բայց այս տարի մենք կառաջարկենք ավելի շատ վիրտուալ, վիզուալ և թվային տարբերակներ»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թոմքինսը հաղորդագրության մեջ նաև տեղեկացրել է, որ արարողության նախապատրաստումը շարունակվում է:

ԱՄՆ-ի արևելյան ափին Ամանորի գալուստը մշտապես ուղեկցվում է Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս Սքվերում, Times Square Ball Drop միջոցառմամբ։ Առաջին անգամ տոնակատարությունը զանգվածաբար նշվել է 1904 թվականին և նվիրված է եղել The New York Times թերթի շտաբ-բնակարանի բացմանը:

Թայմս Սքվերում Ամանորի տոնակատարության անցկացման ավելի քան հարյուրամյա ավանդույթը խախտվել է երկու անգամ՝ 1942 և 1943 թվականներին, երբ Նյու Յորքը գտնվում էր ռազմական դրության մեջ: Պատերազմի ժամանակ Թայմս Սքվերում հավաքվածները Ամանորը դիմավորել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ռազմաճակատում զոհվածների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները