Գուտերեշը նախազգուշացրել է համավարակի պատճառով համաշխարհային ռեցեսիայի հնարավորության մասին

21:28   29 Սեպտեմբեր 2020    312

Վարկատուները պետք է չեղարկեն պարտքերի մի մասը եւ երկարացնեն կորոնավիրուսի համավարակից տուժած երկրների վճարումներ կատարելու ժամկետները:

Այս մասին երեքշաբթի օրը համավարակի ընթացքում եւ դրանից հետո համաշխարհային զարգացման ֆինանսավորման հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք հենց հիմա չսկսենք գործել, կբախվենք համաշխարհային ռեցեսիայի, որը զրոյի կհավասարեցնի տասնամյակները եւ անհասանելի կդարձնի մինչեւ 2030-ը Կայուն զարգացման օրակարգը»,- զգուշացրել է կազմակերպության ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պարտքերի բեռի թեթեւացումը չի կարող սահմանափակվել միայն ամենաքիչ զարգացած երկրներով, այն պետք է տարածվի բոլոր զարգացող պետությունների եւ միջին եկամուտ ունեցող երկրների վրա, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

«Այս երկրները պետք է ավելի շատ ժամանակ ունենան վճարումներ կատարելու համար»,- շարունակել է նա: «Ցանկացած համալիր լուծում պետք է նախատեսի փոխգործակցություն մասնավոր վարկատուների եւ վարկանշային գործակալությունների հետ»:

Բացի այդ, ըստ Գուտերեշի, միջազգային ֆինանսական հաստատությունները «պետք է ավելի շատ ռեսուրսներ ստանան զարգացող եւ միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսավորումը մեծացնելու համար, որոնք առավել խոցելի վիճակում են եւ կքած են պարտքերի բեռի տակ»:

ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման համաժողովի գնահատականների համաձայն `այս տարի համաշխարհային տնտեսությանը, լավատեսական սցենարի համաձայն, կպակասի 6,3 տրիլիոն դոլար եւ այն կկրճատվի 1,5-3%-ով: Սա ավելի քիչ հոռետեսական կանխատեսում է, քան միջազգային այլ կազմակերպություններինը: Այսպիսով, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման՝ 2020-ի վերջին անկումը կկազմի 4,9%, ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ 6% (կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում՝ 7,6%), ըստ Համաշխարհային բանկի՝ 5,2%: Սակայն, ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման համաժողովի փորձագետների կարծիքով, հաջորդ տարվա վերադարձը չի լինի այնքան էական, որքան կանխատեսել էին ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները