Microsoft-ը Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումների մեծ մասի մեջ

12:08   30 Սեպտեմբեր 2020    272

Microsoft-ը հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում (2019-ի հուլիսից մինչեւ 2020-ի հունիս) կորպորացիայի կողմից գրանցված կիբերհարձակումների մեծ մասը կապված էր Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված կիբերանվտանգության վերաբերյալ տարեկան զեկույցում: Microsoft-ը պարզաբանել է, որ իրենք օգտվողներին տեղեկացնում են պետությունների իշխանությունների կողմից արտոնված հաքերային հարձակման (NSN, nation state notification) մասին:

Այդպես, ըստ ներկայացված ժամանակացույցի, նշված ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել NSN-ների 52 տոկոսը: Դրան հաջորդում են Իրանը (25 տոկոս), Չինաստանը (12 տոկոս), Հյուսիսային Կորեան (11 տոկոս):

Հարձակման թիրախներն առավել հաճախ ԱՄՆ-ն է (69 տոկոս), Մեծ Բրիտանիան (19 տոկոս), Կանադան (5 տոկոս), Հարավային Կորեան (4 տոկոս) եւ Սաուդյան Արաբիան (3 տոկոս), հայտնում է Microsoft-ը:

2019 թվականին ընկերությունն ընդհանուր ավելի քան 13 միլիարդ կասկածելի էլ-նամակ է արգելափակել, որոնցից ավելի քան 1 միլիարդը ֆիշինգային էջերի հղումներ է պարունակել` էջերի տվյալները ստանալու համար: Հարձակումների ընդհանուր ծավալը 2019 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ 2020 թվականի առաջին կիսամյակում աճել է շուրջ 35 տոկոսով, վկայում է զեկույցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները