ԱՄՆ-ում խոստացել են խստացնել Իրանի նկատմամբ քաղաքականությունն ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում

00:27   17 Հոկտեմբեր 2020    334

Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կհանգեցնի Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության խստացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:

«Իրանի համար շատ բարդ կլինի զերծ մնալ բանակցություններից ԱՄՆ-ի հետ,-հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի վարչակազմի քաղաքականությունը նոյեմբերի 3-ին Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում:-Իրանցիներն այժմ չեն ցանկանում բանակցել մեզ հետ: Ինչպես մեզ հայտնել են Իրանի հետ կապեր պահպանող երկրները, Թեհրանում սպասում են, թե ինչ տեղի կունենա ընտրություններից հետո»:

Նախագահի օգնականի խոսքով՝ Թեհրանում կգերադասեին, որ ընտրություններում հաղթանակ տանի Ջոզեփ Բայդենը, որն արդեն հայտարարել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀՀԳԾ) վերադառնալու մտադրության մասին: «Տեսնենք՝ ինչ տեղի կունենա ընտրություններից հետո, սակայն ես գիտեմ, որ արդեն այժմ մեր կողմից Իրանի դեմ սահմանված միջոցները չափազանց ցավոտ են նրա տնտեսության համար, եւ նախագահ Թրամփի վերընտրվելու դեպքում այդ ճնշումը կուժեղացվի»,-հավելել է նա: «Նրանք չեն կարողանա դիմակայել պատժամիջոցների ռեժիմին եւս 4 տարի»,-շարունակել է նա՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ ընտրություններից հետո արդեն մեկ-երկու ամիս անց Թեհրանը կհամաձայնվի բանակցել:

Օգոստոսի սկզբում ԱՄՆ-ը, դարձյալ մեղադրելով Իրանին միջուկային գործարքը խախտելու մեջ, հայտարարել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին ՀՀԳԾ-ով նախատեսված ընթացակարգի շրջանակում: Օգոստոսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փոխանցել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահին Վաշինգտոնի հարցումը Իրանի նկատմամբ կազմակերպության պատժամիջոցները վերականգնելու գործընթացը սկսելու մասին: ԱՄՆ-ի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են կրկին գործել 30 օր անց:

Համաձայն ՀՀԳԾ պայմանների՝ համաձայնագրի ցանկացած մասնակից (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԵծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) կարող է սկսել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու գործընթացը գործարքի պայմանները խախտելու դեպքում: ԱՄՆ-ը դուրս է եկել ՀՀԳԾ-ից 2018 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները