Ռեմդեսիվիրը չի նվազեցնում COVID-19-ով պացիենտների մահվան հավանականությունը․ հետազոտություն

17:32   17 Հոկտեմբեր 2020    289

Ռեմդեսիվիր դեղամիջոցը, որն այսօր ամբողջ աշխարհում պաշտոնապես հանձնարարված է COVID-19-ի ծանր ձեւի բուժման համար, իրականում չի ազդում հիվանդության հետեւանքով մահվան հավանականության վրա։ Հետազոտությունը, որն անցկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, հրապարակվել է medrxiv.org-ի կայքում։

«Սա կասկածի տակ է դնում նաեւ մնացյալը․ անկասկած է, որ դեղն անօգուտ է մահացության իմաստով»,- The New York Times-ը մեջբերում է Ալբերտայի համալսարանից Իլան Շվարցի խոսքը։

Ոչ բոլոր մասնագետներն են համաձայն այս կարծիքին։ Կալիֆոռնիական համալսարանի վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետ, բժիշկ Պիտեր Չին-Հոնգն ասում է, որ դեղամիջոցով չեն սահմանափակվում մահացության վրա ազդող բոլոր միջոցները: Հետազոտությունն անցկացվել է շատ երկրներում, որտեղ COVID-19-ի բուժումը տարբեր կերպ է կատարվում։ Հետազոտության տվյալները վիճարկում է նաեւ ռեմդեսիվիրի արտադրողը՝ Gilead ընկերությունը, որը վկայակոչում է, իրենց խոսքով, «հետազոտության անհաջող դիզայնը»։

Հետազոտությունն անցկացվել է 30 երկրների 405 հիվանդանոցներում, մասնակցել է 11 հազարից ավելի մարդ, որոնցից 2750-ը ստացել է ռեմդեսիվիր, մնացյալը՝ լոպինավիր, հիդրօքսիքլորոքին կամ ինտերֆերոն։ Պարզվել է, որ այս դեղամիջոցներից ոչ մեկը եւ դրանց նշանակման ոչ մի ռեժիմ չի երկարացրել COVID-19-ով պացիենտների կյանքի տեւողությունը։

Ռեմդեսիվիրի նախորդ խոշորագույն հետազոտության վերջնական տվյալներում նշվում էր, որ այս դեղամիջոցը ստացող պացիենտների շրջանում ավելի լավ ապրելիության միտում կա։ Սակայն մյուս հետազոտությունները դրա օգտագործման հետեւանքով ոչ մի օգուտ ցույց չէին տվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները