Ֆրանսիայի խոշոր քաղաքներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված սկսել է գործել պարետային ժամ

17:43   17 Հոկտեմբեր 2020    271

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարգադրությունը կորոնավիրուսի համավարակի հետ կապված լրացուցիչ սահմանափակումների մասին շաբաթ կեսգիշերին ուժի մեջ է մտել Փարիզում եւ երկրի մյուս խոշոր քաղաքներում:

Այն, մասնավորապես, նախատեսում է Փարիզի ժամանակով պարետային ժամի սահմանում 21։00-ից մինչեւ 06։00։

Նոր սահմանափակումները մտցված են նվազագույնը 4 շաբաթով՝ Ֆրանսիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պակմանավորված, բայց կարող են երկարացվել մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Դրանք գործում են մայրաքաղաքային Իլ դե Ֆրանս շրջանում եւ երկրի 8 խոշոր քաղաքներում։ Ուրբաթ երեկոյան փարիզցիները դեռեւս կարող էին սովորական ժամերին այցելել ռեստորաններ եւ թատրոններ, սակայն շաբաթ այս հաստատությունների աշխատանքը անցել է նոր ռեժիմի։

Նոր կանոնների համաձայն՝ մեկ սեղանի շուրջ կարող է հավաքվել 6 մարդուց ոչ ավելի։ Բոլորը պետք է թողնեն անձնական տվյալները այցելությունների հատուկ մատյանում։ Սրճարանների եւ բիստրոների հյուրերը ստիպված կլինեն ճաշկերույթն ավարտել տեղական ժամանակով 20։30-ին, որ հասցնեն տուն վերադառնալ մինչեւ պարետային ժամը սկսվելը։

Հանրային տրանսպորտը կաշխատի սովորական ժամանակացույցով, որ մարդիկ կարողանան աշխատանքից հետո տուն վերադառնալ։ Ֆրանսիացիները նաեւ կկարողանան արձակուրդի մեկնել այլ տարածաշրջաններ, մասնավորապես՝ Բոլոր սրբերի օրվա առիթով։

Փարիզից բացի, նոր կանոնները տարածվում են Լիլի, Մարսելի, Գրենոբլի, Լիոնի, Ռուանի, Սենտ Էտյենի, Տուլուզի եւ Մոնպելյեի վրա, որոնք կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկով քաղաքներն են։ Նոր միջոցառումներին չհետեւելու կամ պաշտպանական դիմակ չկրելու համար սկզբնական տուգանքը կկազմի 135 եվրո։ 15 օրվա ընթացքում կանոնների կրկնակի խախտման դեպքում տուգանքն արդեն կհասնի 200 եվրոյի։ Մեկ ամսվա ընթացքում խախտումների բազմակի կրկնման դեպքում ստիպված կլինեն վճարել 3 750 եվրո։

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը պարզաբանել է, որ պարետային ժամին քաղաքով տեղաշարժը թույլատրվում է այն անձանց, ովքեր վերադառնում են աշխատանքից կամ պետք է օգնություն ցույց տան սահմանափակ հնարավորություններով ազգականներին։ Սակայն սրա համար հատուկ թույլտվություն է պետք։

Ուշ երեկոյան բաց կմնան բժշկական եւ բժշկա-սոցիալական հաստատությունները, բայց մարզադահլիճները պարետային ժամը սկսվելուն պես աշխատանքը դադարեցնելու են բոլորի համար, բացի պրոֆեսիոնալ մարզիկներից։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի համապատասխան կարգադրությամբ արգելքի կատարմանը հետեւելու են 12 հազար ոստիկաններ եւ ժանդարմներ։ Նրանք գիշերային ժամերին փաստաթղթերի ստուգում են կատարելու այն տարածքներում, որտեղ պարետային ժամ է մտցված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները