Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը կտրուկ աճել են

20:42   19 Հոկտեմբեր 2020    428

Հարևան Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 337 մարդ, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։ Սա ռեկորդային ցուցանիշ է և 85-ով ավելի է նախորդ օրվա՝ հոկտեմբերի 18-ի մահվան դեպքերի թվից։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սաաթ Լարիի փոխանցած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30.712-ի։ Պաշտոնյան մահացության նման աճը անվանել է աննախադեպ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միևնույն ժամանակ վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուս է հաստատվել 4251 մարդու մոտ՝ մինչև օրս վարակվածների թիվը հասել է 534.631-ի։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եթե երկրի բնակիչները չհետևեն կորոնավիրուսային սահմանափակումներին, ապա օրական մահվան դեպքերի թիվը կհասնի 600-ի։

Հոկտեմբերի 3-ից Թեհրանում խստացրել են սահմանափակումները՝ փակվել են դպրոցները, մզկիթները, խանութները, ռեստորաններն ու այլ հանրային վայրերը։

Բացի այդ, դիմակ կրելը պարտադիր է։ Այդ կանոնը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք։ Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի իշխանությունները մտադիր են նման սահմանափակումներ մտցնել նաև այլ խոշոր քաղաքներում, որտեղ COVID-19-ի տարածման ցուցանիշը բարձր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները