ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ միաժամանակ մեկ տարով «սառեցնել» միջուկային մարտալիցքերը. ՌԴ ԱԳՆ

22:20   20 Հոկտեմբեր 2020    325

Ռուսաստանը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրն առանց հավելյալ պայմանների մեկ տարով երկարաձգելու դեպքում պատրաստ է ամերիկյան կողմի հետ մեկտեղ այդ ժամանակահատվածում «սառեցնել» միջուկային մարտալիցքերի քանակը, ՌԴ ԱԳՆ հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը և միաժամանակ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել առ այն, որ տվյալ ժամանակահատվածում սառեցվի կողմերի մոտ առկա միջուկային մարտալիցքերի քանակը։ Այդ դիրքորոշումը կարող է իրականացվել բացառապես այն ըմբռնումով, որ մարտալիցքերի սառեցումը չի ուղեկցվի ԱՄՆ-ի կողմից որևէ լրացուցիչ պահանջներով»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայմանագրի մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ առաջարկի մասով Վաշինգտոնից պաշտոնական պատասխան չի ստացել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առայժմ սահմանափակվել է սոցցանցերում պաշտոնյաների առանձին մեկնաբանություններով, սակայն Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնի պաշտոնական պատասխանը:

Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր «գոնե մեկ տարով» առանց որևէ պայմանների երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողության ժամկետը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը Պուտինի նախաձեռնությունն անվանել էր «ձախողման դատապարտված»:

«Առանց միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու պայմանագիրը երկարաձգելու Պուտինի առաջարկը իրատեսական չէ», - ասել էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Օ'Բրայանը հավելել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է երկարացնել համաձայնագիրը `միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու դիմաց:

Միջուկային զենքի չտարածման ռազմավարական պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 2010 թ. ՝ երկու կողմերին պարտավորեցնելով սահմանափակել «միջուկային մարտագլխիկների, հրթիռների և ռազմավարական ռմբակոծիչների քանակը»:

Համաձայնագրի ժամկետը լրանում է փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները