Շվեյցարիայի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում

23:41   20 Հոկտեմբեր 2020    277

Շվեյցարիայի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Շվեյցարիան նաեւ 1,1 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Ներդրումն արվել է ի պատասխան ԿԽՄԿ-ի կոչի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գրոհները խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական օբյեկտների վրա պետք է դադարեցվեն: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում հոկտեմբերի 10-ին եւ 17-ին կնքված համաձայնագրերի շրջանակներում մարդասիրական նպատակներով հրադադարի ռեժիմը չպահպանելու կապակցությամբ: «Մենք կրկնում ենք մեր կոչը հակամարտության կողմերին` դադարեցնել բռնությունը եւ դատապարտել բնակելի տարածքների շարունակական հրետակոծությունը: Տարբերակման եւ համամասնության սկզբունքների պահպանումը գերակա է: Դա նշանակում է նաեւ, որ չի կարելի կասետային զենք օգտագործել, քանի որ նման զենքը չի տարբերակում խաղաղ բնակչությանը զինվորականներից»:

Հակամարտության ամուր լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս կապակցությամբ Շվեյցարիայի ԱԳՆ-ը հակամարտության երկու կողմերին էլ կոչ է անում «վերսկսել կառուցողական բանակցությունները՝ առանց հապաղելու եւ նախապայմանների»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները