Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել՝ կապված Կիպրոսի ու Մալթայի «ոսկե անձնագրերի» հետ

23:56   20 Հոկտեմբեր 2020    320

Եվրահանձնաժողովը պաշտոնապես վարույթ է սկսել՝ Կիպրոսի եւ Մալթայի կողմից «ոսկե անձնագրեր» տրամադրելու ծրագրերի հետ կապված:

Բրյուսելը պաշտոնական ծանուցումներ է ուղարկել այդ երկրների իշխանություններին՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհելու սխեմաների իրականացման ընթացքում ԵՄ կանոնների խախտման վերաբերյալ, հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրյուսելը կարծում է, որ այդ պետությունների կողմից կանխորոշված վճարների կամ ներդրումների դիմաց իրենց քաղաքացիությունը, եւ, հետեւաբար, ԵՄ քաղաքացիություն տրամադրելը անհամատեղելի է Եվրամիության մասին պայմանագրում ամրագրված անկեղծ համագործակցության սկզբունքի հետ: Այն նաեւ խարխլում է ԵՄ քաղաքացիության կարգավիճակի ամբողջականությունը:

Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ Կիպրոսի կամ Մալթայի քաղաքացիություն ստացած անձը ավտոմատ կերպով դառնում է ԵՄ քաղաքացի եւ օգտվում է այս կարգավիճակի հետ կապված բոլոր իրավունքներից: Արդյունքում, ներդրման դիմաց քաղաքացիություն շնորհելը չի սահմանափակվում միայն նրանց կառավարող անդամ պետություններով, ինչպես նաեւ չեզոք չէ ԵՄ անդամ այլ երկրների հանդեպ:

Գերատեսչությունը Կիպրոսի եւ Մալթայի իշխանություններին երկու ամիս ժամանակ է տվել՝ բացատրություններ տալու համար: Եթե դրանք բավարար չլինեն, Բրյուսելը «կարող է հիմնավորված եզրակացություն ներկայացնել այս հարցի վերաբերյալ», գրում է Forbes-ը:

2019-ի հունվարին Եվրահանձնաժողովը մտահոգություն էր հայտնել Մալթայի եւ Կիպրոսի կողմից Եվրամիության մեջ չմտնող երկրների քաղաքացիներին «ոսկե անձնագրեր» տրամադրելու սխեմաների վերաբերյալ: Նման անձնագրեր Մալթան տրամադրում է 2013 թվականից: Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է 650 000 եվրո փոխանցել Մալթայի ազգային ներդրումային հիմնադրամին, 150 000 եվրո ներդնել նրա տնտեսության մեջ եւ պետության տարածքում բնակարան գնել կամ վարձակալել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրահանձնաժողով  


Վերնագիրի այլ պիտակները