Թրամփն Իրանին մաղթել է լինել ուժեղ երկիր առանց միջուկային զենքի

09:44   21 Հոկտեմբեր 2020    239

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան հայտարարել է, որ Իրանին մաղթում է լինել ուժեղ երկիր, բայց առանց միջուկային զենքի։ Սպիտակ տան ղեկավարը Փենսիլվանիա նահանգում հանդես է եկել իր կողմնակիցների առջեւ, որը հեռարձակել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները:

«Ես որոշում ընդունեցի դուրս գալ [ԱՄՆ] նախորդ վարչակազմի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ սարսափելի համաձայնագրից։ Եթե ընտրություններում հաղթենք, ապա իմ առաջին հեռախոսային զանգը կկատարվի Իրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա պնդմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով Իրանի ՀՆԱ-ն 27 տոկոսով անկում է ունեցել։ «Ես չեմ ցանկանում դա։ Ես նրանց բարեկեցություն են մաղթում, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ,- ասել է Թրամփը։ - Ես ցանկանում եմ, որ նրանք լինեն ուժեղ, մեծ երկիր։ Հենց [ընտրություններում] հաղթենք առաջին զանգը կկատարվի Իրան, եւ գործարք կլինի»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը 2018 թվականին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀՀԳԾ), որն Իրանի հետ մշակել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան՝ միջուկային դոսյեի շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ իշխանությունները սկսեցին Իրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ՝ փաստացի ուղղված նրան տնտեսապես խեղդելուն։ Միացյալ Նահանգները օգոստոսի սկզբին Իրանին կրկին մեղադրեց միջուկային գործարքի խախտման մեջ, հայտարարեց ՀՀԳԾ-ով նախատեսված ընթացակարգի շրջանակում Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնման մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օգոստոսի 20-ին ՄԱԿ ԱԽ քարտուղարին անձամբ փոխանցեց Վաշինգտոնի համապատասխան հարցումը։

Պոմպեոն հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միակողմանի կարգով պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք կապ ունեն Իրանին սպառազինությունների մատակարարումների կամ նրանից զենք գնելու հետ։

ՀՀԳԾ անդամները կարծում են, որ ԱՄՆ-ն չի կարող համաձայնագրի պահպանման պահանջներ ներկայացնել, քանի որ դրանից դուրս է եկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԹրամփԻրանին  


Վերնագիրի այլ պիտակները