Խորվաթիայի ոստիկանությունը մեղադրվում է փախստականների նկատմամբ բռնության մեջ

23:18   21 Հոկտեմբեր 2020    299

Խորվաթիայի ոստիկանության սպաները մեղադրվում են անօրինական փախստականների նկատմամբ բռնության մեջ:

Նրանք հայտնել են ծեծի, մտրակման, թալանի եւ նույնիսկ սեռական ոտնձգության դեպքերի մասին, հայտնում է The Guardian-ը:

Դանիայի` փախստականների հարցերով խորհուրդը (DRC) Եվրամիությանը կոչ է արել հետաքննել եւ միջամտել այն բանից հետո, երբ պարզել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բոսնիայի հետ սահմանին խորվաթ իրավապահների կողմից ավելի քան 75 մարդ հաղորդել է անմարդկային վերաբերմունքի մասին: Տուժածների թվում անչափահասներ կան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապաշտպաններն աֆղան փախստականների հետ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացվել են հոկտեմբերի 12-ին: Նրանք բերման են ենթարկվել սահմանն անօրինական կերպով հատելուց հետո, նրանցից մեկին հաջողվել է փախչել, մնացածը խոշտանգումների է ենթարկվել. նրանց անձնական իրերը վերցրել եւ այրել են, ստիպել են մերկանալ, ծեծել եւ մտրակել են: Նրանցից մեկի մոտ սեռական բռնության հետքեր կան. հաղորդվում է, որ ոստիկանները դրա համար ծառի ճյուղ են օգտագործել:

Ծնունդով պակիստանցի փախստականը հայտնել է, որ իրեն նույնպես ծեծել եւ արտաքսել են` սպառնալով, որ հաջորդ անգամ շատ ավելի դաժան կվարվեն:

Պարբերականը նշում է, որ սա առաջին նման դեպքը չէ. մայիսին մի խումբ միգրանտներ ծեծի եւ կողոպուտի էին ոստիկանության կողմից: Դրանից հետո նրանցից յուրաքանչյուրի գլխին որպես նվաստացում ներկով կարմիր խաչ էին նկարել:

Բրյուսելը արդեն արձագանքել է Խորվաթիայի ոստիկանության հետ կապված կրկնվող միջադեպերին եւ խոստացել է ուշադիր քննել յուրաքանչյուր դեպքը: Նույն հավաստիացումներն արել են Խորվաթիայի իշխանությունների ներկայացուցիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խորվաթիա  


Վերնագիրի այլ պիտակները