Թեհրանը մտադիր չէ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Քազեմ Ջալալի

08:32   24 Հոկտեմբեր 2020    644

Թեհրանը սպառազինությունների մատակարարումների հատուկ ռեժիմի (այսպես կոչված՝ էմբարգոյի) չեղարկումից հետո մտադիր չէ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում, կգործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում եւ այս կապակացությամբ որեւիցե պլան չի հասունացնում: Մենք կգործենք, երբ դա անհրաժեշտ կհամարենք՝ ելնելով մեր խելամիտ պաշտպանական պահանջներից»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկիրն ինչ տեսակի սպառազինություններ է պատրաստ արտահանել եւ մատակարարումների հատուկ ռեժիմի չեղարկումից հետո ում հետ են արդեն բանակցություններ վարվում զենք գնելու շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները