ԱՄՆ դեսպանին Եթովպիայի ԱԳՆ են կանչել Թրամփի հայտարարության կապակցությամբ

08:17   25 Հոկտեմբեր 2020    342

ԱՄՆ դեսպանը շաբաթ օրը կանչվել է Եթովպիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Եթովպիայի «Վերածնունդ» հիդրոէլեկտրակայանի մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում է եթովպական Fana ռադիոկայանը:

«Եթովպիան չի հրաժարվի իր ինքնիշխանությունից՝ անկախ սպառնալիքներից, Ադիս Աբեբան նաեւ հավատարիմ է Աֆրիկյան միության հովանու ներքո անցկացվող եռակողմ բանակցություններին («Վերածնունդ» ՀԷԿ-ի մասին)»,- դեսպանին ասել է Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդու Անդարգաչովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ընդգծել է, որ Եգիպտոսի եւ Եթովպիայի միջեւ պատերազմի հրահրումն անընդունելի է գործող միջազգային իրավունքի տեսանկյունից եւ չի արտացոլում Եթովպիայի եւ ԱՄՆ-ի վաղեմի համագործակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ հիդրոէլեկտրակայանի շուրջ ստեղծված իրավիճակում Եգիպտոսն ի վերջո կարող է «պայթեցնել ամբարտակը»:

Իր հերթին, Եթովպիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դինա Մուֆթին հայտարարել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող զրկել Եթովպիային սեփական բնական ռեսուրսների, այդ թվում՝ Երկնագույն Նեղոսի ջրի օգտագործման իրավունքից: «Ադիս Աբեբան հավատարիմ է Նեղոսի ջրերի արդար եւ արդարացի օգտագործման, ինչպես նաեւ Աֆրիկյան միության հովանու ներքո «Վերածնունդ» ՀԷԿ-ի շահագործման բանակցություններին»,- ընդգծել է նա: «Միակ լուծումը Նեղոսի ռացիոնալ եւ արդարացի օգտագործման սկզբունքին հավատարիմ մնալն է»:

Դինա Մուֆթին ընդգծել է, որ «Վերածնունդ» հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները «խախտում են Եթովպիայի ինքնիշխանությունը եւ ոչ ոքի օգուտ չեն բերում»: «Երկրի զարգացման խնդիրները պահանջում են ստեղծել«Վերածնունդ» ՀԷԿ-ը, եւ դրա կառուցումը մոտ է ավարտին: Եթովպիան ինքնիշխան պետություն է եւ այդպես էլ կմնա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: «Ոչ ոք իրավունք չունի հերքել ազատությունը (եթովպացի ժողովրդի) եւ նրա զարգացման ձգտումը»:

Եթովպիան 2011 թվականին սկսել է Նեղոսի աջ վտակի՝ Երկնագույն Նեղոսի վրա «Վերածնունդ» հիդրոէլեկտրակայանը ստեղծելու նախագծի իրականացումը: ՀԷԿ-ը գտնվում է Եթովպիայի հյուսիսում՝ Սուդանի սահմանի մոտ: Ադիս Աբեբան մտադիր է այն շահագործել 2022-2023 թվականներին: Եթովպիան ուզում է հիդրոէլեկտրակայանի ամբարտակը յոթ տարվա ընթացքում լցնել: Իր հերթին, Եգիպտոսը, վախենալով Նեղոսի ծանծաղելուց, պնդում է, որ ամբարտակը 21 տարում լցվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եթովպիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները