Առաջին անգամ նկարագրվել են երկրագնդի պատմության ամենասարսափելի աղետի մանրամասները

13:13   25 Հոկտեմբեր 2020    287

Օվկիանոսի հետազոտման կենտրոնի և Հեմհոլցի անվան երկարաբանական գիտությունների ուսումնասիրման կենտրոնի գիտնականներն առաջին անգամ նկարագրել են 252 միլիոն տարի առաջ Երկրի վրա տեղի ունեցած համաշխարհային աղետի մանրամասն պատկերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով EurekaAlert-ին:

Աղետի հետևանքով Երկրի վրա ոչնչացել է ծովային կենդանիների 95 տոկոսը և ցամաքային կենդանիների 75 տոկոսը։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ներկայիս Սիբիրի տարածքում հրաբխային ակտիվության պատճառով՝ Պերմի և Տիրասի ժամանակաշրջանների սահմանակետում, սակայն դրա վերաբերյալ հստակ ապացույցներ չեն եղել:

Գերմանացի գիտնականները հետազոտությունների ընթացքում օգտագործել են բրածո ուսոտանիների խեցիներ, որոնք 252 միլիոն տարի առաջ դրվել են Թետիս օվկիանոսի ծանծաղուտներում։ Քարացած թաղանթներում բոր տարրի իզոտոպերը չափելով ՝ գիտնականներին հաջողվել է որոշել ծովի ջրի pH արժեքների փոփոխությունը տեսակների զանգվածային ոչնչացումից առաջ և հետո: Քանի որ pH-ի մակարդակի վրա ազդում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը, հնարավոր է դարձել նաև վերականգնել այդ տվյալները:

Պարզվել է, որ մագմայի հսկայական արտահոսքի պատճառով ահռելի քանակությամբ ջերմոցային գազ է արձակվել: Մթնոլորտում դրա կուտակումը տևել է մի քանի հազարամյակ, ինչն առաջացրել է օվկիանոսի խիստ տաքացում և թթվայնացում: Դա հանգեցրել է ծովային կալցիֆիկացնող օրգանիզմների անհետացման:

Ջերմոցային ազդեցությունը ցամաքում առաջացրել է ջերմաստիճանի բարձրացում և քիմիական հողմահարում: Բազմաթիվ սննդանյութեր ընկել են օվկիանոսներ՝ գերհագեցնելով դրանք և առաջացնելով թթվածնից զուրկ մեռած գոտիներ: Միանգամից մի քանի գործոնների ազդեցությունը ոչնչացրել է կենդանիների տարբեր խմբեր:

Մեթանի հիդրատի լուծումը, որը կարող էր աղետի մեկ այլ հնարավոր պատճառ լինել, քիչ հավանական է համարվել:

Ինչպես պարզաբանել է հետազոտական թիմի ղեկավար Հանա Յուրիկովան, հրաբխային հնագույն ժայթքումները չպետք է համեմատել ածխածնի մարդածին արտանետումների հետ. ամբողջ հանածո վառելիքի այրումը չի հանգեցնի մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նույն աճին, ինչպիսին եղել է Պերմի և Տիրասի ժամանակաշրջանների սահմանակետում:

«Միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն փաստը, որ ջերմոցային գազի կուտակման արագությունն այժմ 14 անգամ գերազանցում է Երկրի պատմության մեջ ամենախոշոր կենսաբանական աղետի ընթացքում դիտարկված արագությանը», – հավելել է գիտնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները