Հայաստանում դիահերձարանից անհետացած կնոջ դին որդին գտել է․ նրան սխալմամբ հուղարկավորել էին

01:09   26 Հոկտեմբեր 2020    575

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 60-ամյա կնոջ՝ Մարիամ Գևորգյանի դին, որն անհետացել էր, գտնվել է։

Մեկ այլ ընտանիք սխալմամբ հուղարկավորել էր կնոջ դին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Մարիամ Գևորգյանի հարսը՝ Սիրանուշ Հարությունյանը։

«Սկեսուրս մահացել էր հոկտեմբերի 20-ին։ Ամուսինս անգամ մինչև էդ օրը մահացած անձանց ցուցակն է վերցրել ու սկսել փնտրել։ 65-ամյա կնոջ դիակի անվան դիմաց ստորագրված է եղել, բայց դիակը դիահերձարանում է եղել։ Ամուսինս հասկացել է, որ խնդիրը հենց էստեղ է։ Փնտրել են էդ կնոջ հարազատներին, արդյունքում նրա ամուսնուն են գտել, ով կորոնավիրուսով հիվանդ բուժհաստատություններից մեկում պառկած է եղել։ Ամուսինս իրականությունը չի պատմել նրան, միայն ասել է, որ անճշտություն է եղել, պետք է նորից ստորագրեն։ Կապվել ենք նրա որդու հետ, ում բացատրել ենք իրավիճակը, ինքն էլ սկզբից չհավատաց, թե ո՞նց կարող է նման բան լինի, հայրս ճանաչել է մորս դին։ Էդպես ինքը գնացել է դիահերձարան, դիակը տեսել է ու հաստատել, որ իր մայրն է»,- պատմեց Սիրանուշ Հարությունյանը։

Նա հավելեց, որ ոստիկանների ուղեկցությամբ գիշերը գնացել են գերեզմանոց, համապատասխան կարգով արտաշիրիմում արել։

«Նույնիսկ դեռ պարկը չբացած, վրան գրված է եղել Մարիամ Գևորգյան, 60 տարեկան։ Լավ, բա էդ 75 տարեկան պապիկը չէր տեսել, բա դիահերձարանի աշխատողն էլ չէր տեսե՞լ, որ այլ մարդու փոխարեն ուրիշի դին են տվել։ Ամուսինս բացել է պարկը, տեսել, որ իր մայրն է մեջը։ Քանի որ էդ ամենը գիշերն է եղել, ու քահանան էլ ասաց, որ պետք է անհապաղ հուղարկավորություն լինի, հենց գիշերով էլ մեր մայրիկին հուղարկավորել ենք, իսկ մյուս ընտանիքն էլ այսօր է իրենց հարազատին հուղարկավորել»,- ասաց Սիրանուշ Հարությունյանը՝ հավելելով, որ այս օրերին ծանր հոգեբանական վիճակում են հայտնվել։

«Էս ամեն ինչ համար մինչև վերջ գնալու ենք, բոլոր մեղավորները պատասխան են տալու»,– ասաց նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները