Զարիֆը հերքել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լրտեսների փոխանակման մասին լուրերը

08:14   29 Հոկտեմբեր 2020    249

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լրտեսների փոխանակման մասին լուրերը:

ICANA-ին տված հարցազրույցում Զարիֆն ասել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լրտեսների փոխանակման մասին հաղորդագրությունները ամբողջովին կեղծ են: Նրա խոսքով, Իրանի ԱԳՆ-ն առաջ է քաշել աշխարհի բոլոր մասերում իրանցի ու ամերիկացի կալանավորների փոխանակման գաղափարը: Սակայն, ինչպես հավելել է Զարիֆը, «ԱՄՆ-ի հետ երկու ձերբակալված լրտեսների շուրջ գործարքի հարցը լրիվ սուտ է»:

«Մենք երկու կողմերից էլ գերիների համակողմանի փոխանակման առաջարկ ենք ներկայացրել: Մենք ունենք բանտարկյալներ, որոնք ԱՄՆ-ի հրամանով պահվում են տարբեր երկրներում, եւ ունենք նաեւ բանտարկյալներ ԱՄՆ-ի ներսում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք ունենք մարդիկ, ովքեր նույնիսկ ապօրինի պատիժ են կրել, բայց ամերիկացիները խոչընդոտում են Իրան նրանց վերադառնալուն»,- ափսոսանք է հայտնել նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսին իրանցի գիտնական եւ համալսարանի պրոֆեսոր Սիրիուս Ասղարին ամերիկյան բանտից ազատվելուց հետո վերադարձել էր տուն:

Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր Ասղարիին ազատ արձակելու հետ կապված գերիների փոխանակման մասին լուրերը՝ ասելով, որ իրանցի գիտնականը ազատ է արձակվել մեղադրանքների վերացումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները