Վրաստանում ընտրությունների ժամանակ ծեծկռտուքներ են տեղի ունեցել. 6 քրեական գործ է հարուցվել

17:07   31 Հոկտեմբեր 2020    542

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 6 քրեական գործ է հարուցել խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ գրանցված խախտումների փաստով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ցիցիաշվիլին:

Նրա խոսքով՝ գործերի մեծ մասը կապված է ծեծկռտուքների հետ:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել «բռնություն» հոդվածով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավային Թբիլիսիում Դիդի Դիգոմի միկրոշրջանում թիվ 40 ընտրատեղամասում ծեծի ենթարկելու փաստով:

Ոստիկանությունը հետաքննում է նաեւ Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կիկվաձեի հայտարարությունը Քութայիսիի թիվ 13 ընտրատեղամասում մի քանի անձանց կողմից ծեծկռտուքի մասին:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրում են 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցում են 48 կուսակցություններ եւ 2 դաշինք: Առաջին անգամ Վրաստանում ընտրություններ են անցկացվում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները