Telegram-ի հիմնադիրն iPhone 12 Pro-ն «հնացած երկաթի կտոր» է անվանել

08:23   21 Նոյեմբեր 2020    127

Telegram մեսենջերի եւ VKontakte սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը քննադատել է iPhone 12 Pro-ն:

Նրա խոսքով` ամերիկյան Apple ընկերության նոր սմարթֆոնը «հնացած երկաթի կտոր է»: Իր ալիքում նա ապագայում խնդիրներ է կանխատեսել կորպորացիայի համար, փոխանցում է Lenta-ն:

«Հենց նոր փորձեցի iPhone 12 Pro-ն. այս ինչ անասելի հնացած սարք է: Այն 2012-ից iPhone 5-ի ընդլայնված տարբերակի տեսք ունի` միայն ներսից դեպի դուրս սողացող տգեղ տեսախցիկներով երեք տարբեր մակարդակներում»,- ասել է գործարարը: Դեվայսը նրա մոտ հնացած սարքի տպավորություն է թողել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դուրովը կարծում է, որ ընկերությունը գոյություն ունի միայն Apple-ի` 9 տարի առաջ մահացած հիմնադիր Սթիվ Ջոբսի տեխնոլոգիաների եւ հեղինակության շնորհիվ եւ նորամուծություններ չի անում:

Մեսենջերի ղեկավարը հավելել է, որ չի զարմացնում, որ iPhone-ի վաճառքն այս տարի ընկել է 21 տոկոսով: «Եթե միտումը շարունակվի, ապա 7-10 տարի հետո նրանց սմարթֆոնների մասնաբաժինը համաշխարհային շուկայում աննշան կլինի»,- եզրափակել է Դուրովը:

Ավելի վաղ Դուրովն iPhone-ի սեփականատերերին նախազգուշացրել էր, թե ինչու նրանց պետք է հուզի Apple-ի քաղաքականությունը, որի համաձայն AppStore-ի հավելվածների մշակողները պետք է 30 տոկոս միջնորդավճար վճարեն: Նա նշեց յոթ պատճառ, թե ինչու Apple-ի սմարթֆոնների տերերին պետք է մտահոգի կորպորացիայի կողմից գանձվող «հարկը»:

Դուրովը բազմիցս դեմ է արտահայտվել Apple-ին, ինչպես նաեւ ամերիկյան մեկ այլ ընկերությանը` Google- ին: Նա կորպորացիաներին մեղադրել է լիակատար վերահսկողության մեջ, քանի որ դրանք են սահմանում, թե միլիարդավոր օգտվողներն ինչ հավելվածներ կարող են տեղադրել իրենց սարքերի վրա: Նրա կարծիքով` երկու ընկերություններն, ըստ էության, հարկեր են հավաքում ամբողջ մարդկությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները