Բայդենին առաջարկվել է «շարքից հանել» ռուսական բանկային համակարգը

16:44   21 Նոյեմբեր 2020    235

Ջոզեֆ Բայդենի նոր ձևավորվող վարչակազմին առաջարկվել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործիքակազմը՝ սահմանափակող միջոցները տարածելով նաև բանկային և ֆինանսական հատվածների վրա: Համապատասխան նախաձեռնությունները ներկայացվել են «Ատլանտյան խորհուրդ» վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի զեկույցում, որի հեղինակն ազդեցիկ դիվանագետ, Պետդեպարտամենտի պատժամիջոցային քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդն է։

«Независимая Газета»-ի հետ զրույցում Ֆրիդը պատմել է՝ կկարողանա արդյոք Բայդենը, հետևելով Եվրամիության օրինակին, ճնշում գործադրել Կրեմլի վրա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառով, և որ դեպքերում ռուսական բանկերն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների վտանգի տակ կհայտնվեն։

Իր զեկույցում Ֆրիդն առաջարկում է «բացահայտել ամենակոռումպացված ֆինանսական գործերը»։ Բացի այդ, նա նաև խորհուրդ է տալիս «արտակարգ պատժամիջոցներ մշակել ռուսական օբյեկտների դեմ» այն դեպքում, եթե Ռուսաստանը չարաշահի «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նվազեցնելով ԵՄ երկրներից որևէ մեկին գազի մատակարարումը կամ վերանայի Ուկրաինայի հետ գազի պայմանագիրը։

Ֆրիդն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահի հաջորդ վարչակազմը պետք է հստակ մոտեցումներ մշակի իր «ռուսական» ռազմավարության շրջանակներում և նախանշի «Ռուսաստանի անընդունելի վարքի շեմերը», որոնք պետք է համաձայնեցվեն դաշնակիցների հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է մեծացնի պատժամիջոցային ճնշումն այն դեպքում, եթե Կրեմլը մեծացնի իր ագրեսիան, օրինակ, Ուկրաինայի կամ Բելառուսի դեմ, կամ մահափորձերի նոր ալիք բարձրանա։

Ինչպես գրված է զեկույցում, պատժամիջոցները կօգնեն վարել նման քաղաքականություն, սակայն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն վերացնել սահմանափակումները, եթե Ռուսաստանն ավելի պատասխանատու վարքագիծ ցուցաբերի (օրինակ՝ ամերիկյան ընտրությունների հարցում) կամ համաձայնի կնքել պայմանագիր, որով կվերականգնվի ուկրաինական ինքնիշխանությունը երկրի արևելյան տարածքների նկատմամբ։

«Ղրիմի թերակղզին, ամենայն հավանականությամբ, ավելի երկար ժամանակ կմնա Ռուսաստանի ձեռքում, և Ղրիմի հարցով պատժամիջոցները պետք պահպանվեն», - հավելել է Ֆրիդը։

Անդրադառնալով Գերմանիայի աջակցությանը «Հյուսիսային հոսք 2» նախագծին՝ Ֆրիդը նշել է, որ նման մոտեցումը սխալ քաղաքական ազդանշան է գերմանական իշխանությունների կողմից, սակայն Գերմանիայի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, ինչն անում էր Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարող է չափազանց թանկ արժենալ, քանի որ ԳԴՀ-ի հետ հարաբերություններին վնաս հասցնելու հավանականությունը շատ մեծ է։

Պատասխանելով «Независимая Газета»-ի հարցին, թե արդյոք Բայդենը պատրաստ է իր նախագահությունը սկսել պատժամիջոցներով, Ֆրիդը նշել է, որ նոր վարչակազմը դժվար թե շտապի զանգվածային պատժամիջոցներ սահմանել։ Նրա խոսքով՝ Բայդենը կարող է հետևել ԵՄ-ի օրինակին և պատժամիջոցներ սահմանել Նավալնիի հետ կապված դեպքին կամ Բելառուսում տիրող իրավիճակին ի պատասխան։

«ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության աստիճանից է կախված լինելու՝ կգործի արդյոք Բայդենի թիմն այս ոլորտում», - ընդգծել է Ֆրիդը։

Նախկին դիվանագետի խոսքով՝ որոշ դեպքերում պատժամիջոցները կարող են լրջորեն խստացվել։ Օրինակ՝ ֆինանսական հատվածում նման խստացումներ կարող են լինել ռուսական ագրեսիանի մեծացման դեպքում։

«Ատլանտյան խորհրդի» ավագ գիտաշխատող Անդերս Ասլունդը, իր հերթին, «Независимая Газета»-ի հետ զրույցում ընդգծել է, որ Բայդենը պատժամիջոցներ կիրառելու մեծ փորձ ունի դեռ 2014 թվականից, ուստի նրա վարչակազմն ավելի լավ կհամակարգի պատժամիջոցների քաղաքականությունը ինչպես դաշնակիցների հետ, այնպես էլ կառավարության ներսում։ Փորձագետի խոսքով՝ Բայդենի օրոք պատժամիջոցների համակարգը կկարգավորվի։

«Վարչակազմը ևս մեկ անգամ կկապի որոշակի պատժամիջոցները խնդիրներին, որպեսզի ռուսական իշխանությունները որոշակի գործողությունները դադարեցնելու խթան ունենան և հասկական, որ արևմտյան պատճամիջոցները կարող են ավարտվել», - նշել է Ասլունդը՝ հավելելով, որ սահմանափակումները կարող են խստանալ, եթե ռուսական կառավարությունը շտկողական քայլեր չձեռնարկի։

Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ խիստ սահմանափակումներին, ապա Ասլունդը նշում է, որ դրանք կընդունվեն դեկտեմբերի առաջին կեսին պաշտպանական օրինագծի շրջանակներում։ Եթե դա տեղի չունենա, ապա պարզ չէ, թե ինչ քայլեր կձեռնարկի Բայդենը, քանի որ նրա թիմն ավելի դժկամորեն կսահմանի երկրորդական սահմանափակումներ դաշնակիցների դեմ, քան դա անում էր Թրամփի վարչակազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները