Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ՝ կապված «Մագնիտսկու գործի» հետ

21:47   21 Նոյեմբեր 2020    210

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ՝ կապված «Մագնիտսկու գործի» հետ: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

«Ինչպես հայտնի է, Բրիտանիայի կառավարությունը մտացածին եւ անհեթեթ պատրվակներով այս տարվա հուլիսին հայտարարեց մեր երկրի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, այսպես կոչված, «Մագնիտսկու գործի» շրջանակներում ազգային պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ս. Մագնիտսկու մահվան հետ կապված բոլոր թեմաների վերաբերյալ մենք բազմիցս տվել ենք սպառիչ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ, որոնք, ըստ երեւույթին, Լոնդոնում նախընտրում են չնկատել: Անհասկանալի է, թե ինչի հիման վրա են նրանք մեղավորներ «նշանակում» եւ որոշում նրանց «պատիժը»: Այլ բան, քան այլ պետության ներքին գործերին միջամտելու փորձ եւ Ռուսաստանի արդարադատության համակարգի վրա ճնշման գործադրում, Բրիտանական կողմի գործողություններն անվանել չի կարելի:

Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարյացակամ գործողությունների եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ ռուսական կողմը որոշում է կայացրել անձնական պատժամիջոցներ կիրառել Բրիտանիայի 25 ներկայացուցիչների նկատմամբ, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է:

Այս միջոցները կկիրառվեն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու եւ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» 1996 թվականի օգոստոսի 15-ի թիվ № 114 դաշնային օրենքի համաձայն:

Մեկ անգամ եւս կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման ուղուց` կապված մեր երկրի հետ: Ցանկացած ոչ բարեկամական քայլ չի մնա առանց անխուսափելի համարժեք պատասխանի»,- նշվում է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները