ԱՄՆ-ն պատրաստվում է 89 չինական ընկերությունների արգելել գնել ամերիկյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ

19:00   23 Նոյեմբեր 2020    221

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է 89 չինական ընկերությունների արգելել գնել ամերիկյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ և խիստ սահմանափակումներ կիրառել այդ ընկերությունների նկատմամբ, գրում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունների ցանկի հրապարակումը կարող է Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային հարաբերությունների լարման հանգեցնել, ինչպես նաև վնաս հասցնել ԱՄՆ ընկերություններին, որոնք Չինաստանին քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասեր և այլ ապրանքներ են վաճառում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի վերջին հրաման է ստորագրել՝ արգելելով ամերիկյան ներդրումներ կատարել մի շարք չինական ընկերություններում, որոնք Վաշինգտոնի կարծիքով՝ կապված են Չինաստանի զինված ուժերի հետ: Փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 11-ից ամերիկյան ֆիզիկական և իրավական մարմիններին արգելվելու է նման ընկերությունների արժեթղթերի հետ որևէ գործարք կատարել:

Այս առնչությամբ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել չինական ընկերությունների վրա գործադրվող ճնշումը և ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը «չարաշահում է չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու իր լիազորությունները, ինչը լրջորեն խախտում է շուկայի մրցակցության սկզբունքները, միջազգային առևտրային կանոնները և լրջորեն խարխլում է երկու երկրների գործարար և ներդրումային համագործակցությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները