ՆԱՏՕ-ում կարծում են, որ Բայդենը եվրոպացիներից կակնկալի պաշտպանական ծախսերի մեծացում

21:16   24 Նոյեմբեր 2020    220

ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ ԱՄՆ ապագա նախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես եւ իր նախորդ Դոնալդ Թրամփը, եվրոպացիներից ավելի շուտ կակնկալի պաշտպանական ծախսերի մեծացում։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW-ն։

Ըստ Ստոլտենբերգի՝ Թրամփը եվրոպացի գործընկերների հետ շփվելու «սեփական ոճ» ուներ եւ իր ակնկալիքների մասին «բավականին հստակ» էր արտահայտում։ «Բայց ես վստահ եմ, որ նորընտիր նախագահ Բայդենը նույնպիսի սպասելիքներ կարտահայտի»,- հավելել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միաժամանակ, Ստոլտենբերգը Բայդենին բնութագրում է որպես «դաշինքի ուժեղ կողմնակից», ով շատ լավ գիտի ՆԱՏՕ-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ դաշնակից երկրներին հորդորել է չհրաժարվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պաշտպանության վրա ծախսելու նպատակներից։ «Հիմա ամենադժվար խնդիրն է թույլ չտալ, որ համավարակի առաջացրած ճգնաժամը դառնա ոչ միայն առողջապահության ոլորտի, այլ նաեւ անվտանգության ոլորտի ճգնաժամը։ Այս պատճառով մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք (պաշտպանության մեջ – խմբ․)»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները համավարակի ժամանակ ոչ մի տեղ չեն անհետացել․ Ռուսաստանը շարունակում է սպառազինությունը մեծացնել, «Իսլամական պետությունը» փորձում է վերականգնվել Սիրիայում եւ Իրաքում։ Դրանից բացի, ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ուժերի գլոբալ հարաբերակցությունը փոխվում է Չինաստանի հզորության ամրապնդմամբ պայմանավորված։

«Փաստ է, որ ԵՄ-ն չի կարող պաշտպանել Եվրոպան»,- շարունակել է Ստոլտենբերգը։ Ուստի ԱՄՆ անվտանգության երաշխիքները, միջուկային զսպումը եւ Եվրոպայում ամերիկացի զինվորականների ներկայությունը, նրա խոսքով, բացարձակապես անհրաժեշտ են նրա պաշտպանության համար։ Ինչպես հիշեցնում է dpa-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նախաձեռնել էր ԵՄ-ի ռազմավարական ինքնավարության անրաժեշտության մասին բանավեճեր։ «Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ կապերը թուլացնելու ցանկացած փորձ ոչ միայն ՆԱՏՕ-ին կթուլացնի, այլեւ Եվրոպան կբաժանի»,- շեշտել է Ստոլտենբերգը։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Ջո Բայդենի եւ Յենս Ստոլտենբերգի զրույցը։ Դաշինքի ղեկավարը ընտրված նախագահին շնորհավորել է հաղթանակի առիթով՝ նշելով, որ ուրախ կլինի սերտ համագործակցության եւ Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար։ Բայդենն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները հետագայում եւս պարտավորություն կստանձնի ՆԱՏՕ-ի առջեւ, այդ թվում դա վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության սկզբունքին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները