Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր

22:25   24 Նոյեմբեր 2020    237

Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, 45-ից ավելի վիրավորներ կան:

Այս մասին հայտնում է IHA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դեպի արևմուտք գտնվող Բամյանի շրջանի կենտրոնը հանդիսացող համանուն քաղաքում։

Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է. «Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց»:

Բամյանը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից մոտ 200 կմ դեպի արեւմուտք, հայտնի է որպես համեմատաբար խաղաղ բնակավայր: Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը ՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները