Գերմանիան երկարաձգում եւ խստացնում է կարանտինը

11:40   26 Նոյեմբեր 2020    283

Գերմանիայում այսուհետեւ կարող են տանը կամ հասարակական վայրերում հանդիպել միաժամանակ 2 տնատիրությունից 5 մարդուց ոչ ավելի թվով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ սա եւ մի շարք այլ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու շուրջ պայմանավորվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային հողերի վարչապետները։

Երկրի կառավարության ներկայացուցիչները այսպիսի միջոցառումների անհրաժեշտությունը պատճառաբանում են այն հանգամանքով, որ նոյեմբերի սկզբից գործող, այսպես կոչված, մեղմ լոքդաունը մինչեւ հիմա չի տվել ակնկալվող արդյունք։ Վարակումների ամենօրյա աճը շարունակում է բարձր մնալ (նոյեմբերի 25-ի առավոտյան 18 633 նոր դրական թեստ), աճում է նաեւ մահացող վարակակիրների թիվը (անցած մեկ օրում 410-ով)։

Նույն պատճառով որոշվել է նոյեմբերի 2-ից գործող մեղմ լոքդաունը երկարաձգել մինչեւ 2021 թվականի հունվարի սկիզբ, բայց պաշտոնապես դեռեւս նվազագույնը մինչեւ դեկտեմբերի 20-ը․ համաճարակային պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ սահմանափակող միջոցառումները չի կարելի մտցնել 4 շաբաթից ավելի։ Դրանք ամեն անգամ պետք է երկարացնել։

Նաեւ արդեն դժվար կլինի մեղմ անվանել երկարաձգված լոքդաունը։ Դա վերաբերում է առաջին հերթին սոցիալական շփումներին։ Այսուհետեւ կարող են հանդիպել 2 տնատիրությունից 5 մարդուց ոչ ավելի։ Հաշվի չեն առնվում նույն ընտանիքներից մինչեւ 14 տարեկան երեխաները։ Գերմանացիների համար գլխավոր Ծննդյան տոներին, ինչպես նաեւ Ամանորին բացառություն կարվի․ դոկտեմբերի 23-ից մինչեւ հունվարի 1-ը ընտանեկան հանդիսությունները կարելի է անցկացնել ավելի լայն շրջանակով՝ մինչեւ 10 մարդ՝ առանց երեխաներին հաշվի առնելու։

Նույնպիսի մեղմացումներ կլինեն ամանորյա գիշերը։ Բայց ստիպված կլինեն մարդաշատ վայրերում կոլեկտիվ հրավառություններից հրաժարվել։ Այս անգամ չեն լինի նաեւ Ամանորը դիմավորելու առիթով ժողովրդական զբոսանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները