Իրանում կորոնավիրուսային իրավիճակը լուրջ է

17:02   26 Նոյեմբեր 2020    386

«Կորոնավիրուսով հիվանդացության աճն Իրանում կարող է պայմանավորված լինել բնակչության «սոցիալական հոգնածությամբ»,- հաղորդել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Հնարավոր է հիվանդացության և մահացության աճը պայմանավորված է վերջին շրջանում բժշկական ցուցումների նկատմամբ անուշադրությամբ, սոցիալական հոգնածությամբ, հիմնականում փակ տարածքներում գտնվելու հանգամանքով և ցուրտ եղանակով»,- ասել է նա: Բացի դրանից՝ նկատել է, որ կան որոշակի մենթալիտետային նրբություններ, որոնք նպաստում են հիվանդության տարածմանը:

«Իրանցի ընտանիքները շատ են շփվում իրենց հարազատների հետ, հիվանդության տարածումը մեծ մասամբ պայմանավորված է այդ ընտանեկան այցերով»:

Իրանի կառավարությունը փորձում է սահմանափակել ընտանեկան այցերը՝ երեկոյան 21-ից հետո մինչև առավոտյան 4-ը, հատկապես այն քաղաքներում, որտեղ համաճարակային իրավիճակն անկառավարելի է:

Առողջապահության նախարարության մասնագետը չի բացառել, որ ձմռանը հիվանդությունը կրկին կտարածվի, քանի որ մարդիկ լինելու են հիմնականում փակ տարածքներում:

Հիշեցնենք, որ եթե սեպտեմբերին Իրանում կար 3.5 հազար վարակակիր, նոյեմբերին այդ թիվը հասել է 13.000-ի: Կառավարությունը երկշաբաթյա կարանտին է սահմանել:

Քաղաքները բաժանվել են համավարակի տարածվածության եռագույն սանդղակով՝ կարմիր, նարնջագույն և դեղին: Կարմիրով նշված է 160 քաղաք, որտեղ իրավիճակը լուրջ է, արգելված են գործունեության բոլոր տեսակները, բաց են միայն մթերային խանութները: Այդ քաղաքներից մեկը Թեհրանն է:

«Նարնջագույն» քաղաքները մոտ 200-ն են: Այնտեղ սահմանափակված են սրճարանների, գրադարանների աշխատանքը, կրոնական միջոցառումները: Իսկ «դեղին» կարգավիճակ ունի 80 քաղաք: Այդ քաղաքներում սահմանափակված են սպորտային ու զվարճալի միջոցառումները: Փետրվարի 19-ից Իրանում COVID-19-ով վարակվածության ավելի քան 894 385 դեպք է գրանցվել, մահվան՝ 46.207 դեպք: Առողջացածների թիվը կազմել է 625.606:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները