Աշխարհի ավելի քան հազար խոշոր ընկերություններ այս տարի ենթարկվել են կիբեռհարձակումների

12:05   27 Նոյեմբեր 2020    129

Աշխարհի տարբեր երկրների ավելի քան հազար խոշոր ընկերություններ հունվարից հոկտեմբեր ենթարկվել են համակարգչային շորթիչների հարձակումների, որոնք նրանցից փրկագին են պահանջել՝ սպառնալով հրապարակել գողացած գաղտնի տեղեկությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտնել է ճապոնական առաջատար գործարար պարբերական «Nikkei»-ն։ Նրա մասնագետները համապատասխան հետազոտություն են անցկացրել «Trend Micro» բազմազգ ֆիրմայի հետ համագործակցությամբ, որը զբաղված է կիբեռանվտանգության ոլորտում։

Ըստ այդ տվյալների՝ անցյալ տարվանից աշխարհում կտրուկ մեծացել է շորթիչ վիրուսների միջոցով համակարգչային հարձակումների թիվը։ Դրանք հասանելիություն են ստանում փակ տեղեկություններին, այն արգելափակում գաղտնագրման ճանապարհով եւ միաժամանակ հափշտակում։ Դրանից հետո ընկերությունը ստանում է փրկագնման մասին պահանջ, հակառակ դեպքում սպառնում են գողացված տվյալները հրապարակայնացնել, ինչը վնաս կհասցնի ընկերության գործարար համբավին։

Հաղորդվում է, որ նման հարձակումների են ենթարկվել նույնիսկ այնպիսի հսկաներ, ինչպես ճապոնական Toyota Motor-ը եւ հարավկորեական LG Electronics-ը։ Ըստ այդ տվյալների՝ ընկերությունների զգալի մասը հրաժարվում է փրկագին վճարելուց։ Nikkei, սակայն, հայտնում է, թե տեղեկություններ կան, որ անցյալ տարի ճապոնական ընկերությունների 32 տոկոսը նախընտրել է նման հարձակումներից հետո, այնուամենայնիվ, ընդունել շորթիչների պայմանները։ Հաղորդվում է, որ փրկագնի միջին գումարը կազմել է 1,17 մլն դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները