ԵՄ-ն դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը

17:07   28 Նոյեմբեր 2020    374

Եվրամիությունը դատապարտել է Իրանում կատարված ահաբեկչական ակտը, որի զոհն են դարձել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեն և ևս մի քանի մարդ:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կատարվածը քրեական հանցագործություն է:

«Նոյեմբերի 27-ին Իրանում մի շարք հարձակումների հետևանքով սպանվել են պետական գործիչ և մի քանի քաղաքացիական անձ: Սա քրեական հանցագործություն է, որը հակասում է մարդու կյանքի պաշտպանության սկզբունքին, որի համար կանգնած է Եվրամիությունը: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել:Այս անորոշ ժամանակում առավել քան երբևէ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն և առավելագույն զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի խուսափեն սրացումներից, որը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկի շահերին»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը:

«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները