Վրաստանում 60 պատգամավորներ մտադիր են հրաժարվել իրենց մանդատներից

09:51   30 Նոյեմբեր 2020    194

Վրաստանի խորհրդարանի տասներորդ գումարման նստաշրջանի առաջին նիստի օրը ընդդիմադիր կուսակցությունները կստորագրեն պաշտոնական հայտարարություն՝ օրենսդիր մարմինը բոյկոտելու մասին, եւ հետ կկանչեն իրենց կուսակցական ցուցակները:

Այս մասին այսօր հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնում ստացել է ամենաշատ տեղերը՝ 90: Մնացած 60 տեղերը բաշխվել են ութ ընդդիմադիր ուժերի մեջ: Նրանք բոլորը կարծում են, որ հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքները կեղծվել են, եւ պահանջում են արտահերթ ընտրություններ:

Այսօր «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ընդդիմության հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով: Բանակցությունների սեղանի շուրջ հավաքվել են ինչպես այն կուսակցությունները, որոնք ներկայացվածություն են ստացել օրենսդիր մարմնում, այնպես էլ նրանք, ովքեր չեն հաղթահարել 1%-ի անցումային շեմը:

«Այն պատգամավորները, ովքեր անցել են խորհրդարան, խորհրդարան մտնելու մերժում կստորագրեն: Այնուհետեւ կուսակցությունները չեղյալ կհայտարարեն իրենց կուսակցական ցուցակները եւ նոր ընտրությունների վերաբերյալ հայտարարություն կստորագրեն»,- հանդիպումից հետո ասել է Բաքրաձեն:

Նա բացատրել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները, եւ հայտնի դառնա խորհրդարանի առաջին նիստի օրը:

Ընդդիմությունը ստիպված որոշակի ճշգրտումներ է մտցրել իր ծրագրերում`COVID-19-ի դեմ նոր սահմանափակումների պատճառով: Չեղյալ է հայտարարվել լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը պլանավորվել էր պատգամավորների աշխատանքի մեկնարկին զուգահեռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները