Ավստրալիան Չինաստանից պահանջում է «Twitter»-ից հեռացնել ավստրալական բանակը վարկաբեկող լուսանկարը

12:01   30 Նոյեմբեր 2020    187

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Չինաստանի կառավարությունից պահանջել է ջնջել «Twitter»-ում հրապարակված կեղծ լուսանկարը, որում իբրև ավստրալացի զինվորը դանակը պահել է աֆղանստանցի երեխայի կոկորդին. լուսանկարի վրա գրված է՝ «մի վախեցիր, մենք խաղաղություն ենք բերում»:

Լրատվամիջոցի տվյալներով՝ հրապարակումը հայտնվել էր ՉԺՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի էջում։ Մորիսոնն ընդգծել է, որ իր երկրի իշխանությունները վարկաբեկող լուսանկարի հեռացման հարցով կապվել են Չինաստանի իշխանությունների, ինչպես նաև Twitter սոցցանցի ադմինիստրացիայի հետ։

«Ավստրալիան Չինաստանի կառավարությունից ներողություն է սպասում այդ նողկալի հրապարակման համար, ինչպես նաև պահանջում անհապաղ ջնջել այն։ Նման արարքը վերին աստիճանի վրդովվեցնող է և ոչնչով չի կարող արդարացվել։ Չինաստանի կառավարությունը պետք է ամաչի իր գործողությունների համար», - հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ Չինաստանի ու Ավստրալիայի հարաբերություններում, անկասկած, լարվածություն կա, սակայն դրանից չի կարելի ազատվել այս կերպ։

Աղբյույրը մանրամասնում է, որ այս հրապարակումն արվել է աֆղանական պատերազմի ընթացքում ավստրալացի հատուկջոկատայինների կատարած ռազմական հանցագործությունների հետաքննության ֆոնին։

Նոյեմբերի 19-ին Նոր Հարավային Ուելս նահանգի դատավոր Փոլ Բրերտոնը հրապարակել է զեկույց, որում նշվում է զինվորականների կողմից անզեն մարդկանց ու քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերված դաժանությունների մասին։ Փաստաթղթում ներկայացված է սպանության 39 և չարդարացված դաժանության ցուցաբերման առնվազն երկու մեղադրանք 25 ներկա ու նախկին ծառայողների նկատմամբ։

Ընդ որում՝ նշվում է, որ հանցագործություններից ոչ մեկը չի կատարվել ակտիվ ռազմական գործողությունների կամ մարտերի ընթացքում, իսկ զոհերը զինվորականներ չէին։

Ավստրալիայի ԶՈւ հրամանատար գեներալ Անգուս Քեմփբելը ներողություն է խնդրել Աֆղանստանի ժողովրդից՝ ընդգծելով, որ ավստրալական զորքերում «զգալի օպերատիվ ու կազմակերպական փոփոխություններ տեղի կունենան»:

Զեկույցում նշված զորամասերն ու ստորաբաժանումները կվերափոխվեն կամ կլուծարվեն, իսկ ծառայողների նկատմամբ հրամանատարությունը «անհատական հիմունքներով որոշում կկայացնի»։

Բացի այդ, 2007-2015 թվականներին Աֆղանստանում ծառայած մի շարք զինվորների ու սպաների ստացած պարգևներն ու կոչումները նախատեսվում է չեղարկել։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտնել էր «ABC»-ն, առնվազն 10 ավստրալացի հատուկջոկատային աշխատանքից ազատման ծանուցում է ստացել, իսկ ևս 19-ի տվյալները փոխանցվել են Ավստրալիայի դաշնային ոստիկանություն քրեական հետաքննություն սկսելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները