Միայն ԱՄՆ-ում 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ «ինչպես մեկնել արտերկիր» արտահայտության որոնումների թիվը Google որոնողական համակարգում աճել է 29%-ով, սակայն զարմանալի է, որ մարդիկ չեն ցանկանում մեկնել հարևան երկրներ՝ փոխարենը նախապատվությունը տալով ավելի հեռու պետություններին։
Հետազոտության շրջանակներում Remitly ընկերությունը վերլուծել է Google համակարգում շուրջ 100 երկրից արված որոնումները և կազմել առավել գրավիչ երկրների տասնյակը։
Տասնայկում առաջատարը Կանադան է, որտեղ ապրելու ցանկություն են հայտնել շուրջ 30 երկրի բնակիչները, այդ թվում նաև բրիտանացիները, մեքսիկացիներն ու ֆրանսիացիները։ Ինչպես ընդգծում է Remitly-ն, Կանադայի գրավչությունն այլ երկրների բնակիչների համար պայմանավորված է երկրի անվտանգությամբ, գործազրկության ցածր մակարդակով, տեղի բնակիչների բարյացակամությամբ ու հիանալ բնությամբ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի բնակիչներին ավելի շատ գրավում է ոչ թե Կանադան, այլ ավելի հեռավոր երկրները։ Ամերիկացիների համար առավել գրավիչ է Ճապոնիան։ Ընդ որում՝ կանադացիները ևս նախապատվությունը տվել են Ճապոնիային։ Այն հայտնվել է ցանկի երկրորդ հորիզոնականում. այստեղ մշտական բնակության մեկնելու ցանկություն է հայտնել 13 երկրի, այդ թվում՝ Ավստրալիայի և Չոռնոգորիայի բնակչությունը։ Ճապոնիան հայտնի է իր անվտանգությամբ, աշխատանք գտնելու հնարավորություններով ու կյանքի բարձր որակով, ինչով էլ պայմանավորված է երկրի գրավչությունը։
Ցանկի երրորդ հորիզոնականում է հայտնվել Իսպանիան, որտեղ ապրելու ցանկություն են հայտնել 12 երկրի, այդ թվում՝ Արգենտինայի, Նիդեռլանդների, հարավամերիկյան վեց պետության, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի բնակիչները։ Նշվում է, որ այս երկրի գրավչությունը պայմանավորված է առողջապահական համակարգի բարձր որակով, անվտանգության բարձր մակարդակով և «կյանքի ֆանտաստիկ որակով»։
Իսպանիային հաջորդել է Գերմանիան, որտեղ ապրելու ցանկություն են հայտնել 8 երկրի բնակիչներ։
Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել Կատարը (այստեղ ցանկանում են ապրել 6 երկրի բնակիչներ), վեցերորդ հորիզոնականում Ավստրալիան է (5 երկիր), յոթերորդ տեղում՝ Շվեյցարիան (4 երկիր), իսկ ութերորդում՝ Պորտուգալիան (3 երկիր)։
Տասնյակը եզրափակել են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, որոնց օգտին քվեարկել են երկուական պետությունների բնակիչներ։ ԱՄՆ-ում մշտական բնակության տեղափոխվելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի ու Նորվեգիայի բնակիչները, իսկ Մեծ Բրիտանիան առավել տարածված է ճապոնացիների և Սենթ Լյուսիայի բնակիչների շրջանում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Forbes