Մոլդովայի նորընտիր նախագահը հանդես է եկել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման օգտին

16:13   30 Նոյեմբեր 2020    245

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հանդես է եկել Մերձդնեստրից ռուսական ուժերի օպերատիվ խմբի և զինամթերքի դուրսբերման, Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղապահ գործողության վերափոխման օգտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մերձդնեստրում կա Ռուսաստանի Դաշնության զորքերի օպերատիվ խումբ, որի մասով Մոլդովայի կողմից երբևէ պայմանավորվածություններ չեն եղել: Հետևաբար, պետության դիրքորոշումն այն է, որ այդ զորքերը պետք է դուրս բերվեն, և զենքերը հանվեն մեր երկրի տարածքից։ Ես կշարունակեմ այս հարցը քննարկել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ: Անցյալ տարի մեզ այցելել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել զենքի ուտիլիզացման հարցում»,-ասել է Սանդուն մամուլի ասուլիսի ժամանակ:

Միևնույն ժամանակ, նա կողմ է արտահայտվել Մերձդնեստրում ռուս խաղաղապահներին ԵԱՀԿ հովանու ներքո քաղաքացիական դիտորդական առաքելությամբ փոխարինելուն:

«Հաշվի առնելով այն փաստը, որ երկար ժամանակ զինված բախումների վտանգ չկա, մոլդովական կողմի դիրքորոշումն այն է, որ այս խաղաղապահ գործողությունը պետք է վերափոխվի քաղաքացիական առաքելության` ԵԱՀԿ հովանու ներքո»,- ասել է Սանդուն:

Կոբասնայից զինամթերքի դուրսբերումը սկսվել էր 2003 թվականին, բայց Մերձդնեստրի իշխանությունների կողմից գործընթացը արգելափակվել է արդեն 2004-ին՝ Մոլդովայի հետ հարաբերությունների սրացումից հետո: Մերձդնեստրի Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին նշել էր, որ չճանաչված հանրապետությունը կտրականապես դեմ է խաղաղապահների դուրսբերմանը, բայց պաշտպանում է զինամթերք դուրս բերելու գաղափարը: Սակայն այդ խնդիրները, ըստ նրա, պետք է քննարկվեն բացառապես ՌԴ-ի հետ:

2019-ի օգոստոսին Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը Շոյգուն առաջարկել է Կոբասնայում սկսել զինամթերքի դուրսբերման գործընթացը: Դոդոնը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում իր ելույթներում ողջունել է այս նախաձեռնությունը, որը, նրա խոսքերով, կարող է տեղից շարժել Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն հետաքրքրություն էին հայտնել և ցանկացել էին մասնակցել զինաթափմանը` Քիշնևին առաջարկելով փորձագիտական աջակցություն`պահեստների տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները