Հելգա Շմիդը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը

15:44   03 Դեկտեմբեր 2020    251

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

Դրան կհաջորդեն մի շարք նշանակումներ: ԺՀՄԻԳ-ի նոր տնօրեն կլինի Մատեո Մեկաչին, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ՝ Թերեզա Ռիբեյրուն և ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն կոմիսար՝ Կայրաթ Աբդրահմանովը:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը բացելով՝ Էդի Ռաման նշել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում իրավիճակը Բելառուսում ոչ մի կերպ չի բարելավվել: Նրա խոսքերով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մարդիկ են մահանում, իսկ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը շարունակվում է: Դա մեծ անհանգստություն է առաջացնում ԵԱՀԿ-ի համար, ասել է Ալբանիայի վարչապետը:

Էդի Ռաման շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն լիարժեք կարգավորման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ուրախ է, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա հույս է հայտնել առարկայական բանակցությունների վերսկսման համար:

«Եկել է համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվող նախաձեռնություններին»,- շեշտել է ԵԱՀԿ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները