Կատարում «որոշ առաջընթաց» են տեսնում Դոհայի բոյկոտը դադարեցնելու հարցում

19:52   04 Դեկտեմբեր 2020    210

Կատարում «որոշ առաջընթաց» են տեսնում չորս արաբական երկրների կողմից Դոհայի բոյկոտը դադարեցնելու հարցում։

Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հայտարարել է, թե չի կարելի ասել, որ ճգնաժամն առաջիկայում կկարգավորվի, փոխանցում է AP–ն։

Նա հրաժարվել է այլ մանրամասներ կամ բանակցություններից որեւէ մանրամասն հայտնել։ Ջարեդ Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ ավագ խորհրդականը, այլ ամերիկացի պաշտոնատար անձանց հետ վերջերս Դոհա էր այցելել՝ օգնելու ճգնաժամի կարգավորմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շեյխ Մոհամմեդն ասել է, որ «այս ճգնաժամը, որը ոչ մեկին պետք չէ, պետք է դադարեցնել»։

«Կա որոշ առաջընթաց, որը, հուսով ենք, որ կդադարեցնի ճգնաժամը,– ասել է նա։ – Մենք իսկապես կարծում ենք, որ Պարսից ծոցի միասնությունն անչափ կարեւոր է տարածաշրջանի անվտանգության համար»։

Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Կատարի հետ հարաբերությունները խզել էին 2017 թվականի հունիսի 5–ին՝ Կատարին մեղադրելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումներին աջակցելու մեջ։

Ճգնաժամի հետեւանքով փակվել էր Կատար–Սաուդյան Արաբիա ցամաքային սահմանը, իսկ չորս երկրների օդային տարածքի հասանելիությունը Qatar Airways պետական ավիաընկերության համար արգելափակվել էր։

Կատարը ԱՄՆ արժեքավոր գործընկերն է։ Գրեթե 10 հազար ամերիկացի զինծառայողներ տեղակայված են կատարյան Ալ Ուդեյդ ավիաբազայում, որը նաեւ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության առաջավոր շտաբն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կատար  


Վերնագիրի այլ պիտակները