Կորոնավիրուսի նոր շտամների պատճառով Մեծ Բրիտանիան կփակի իր զբոսաշրջային բոլոր միջանցքները

10:28   16 Հունվար 2021    231

Մեծ Բրիտանիան երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան 4-ից կփակի զբոսաշրջային միջանցքները՝ կորոնավիրուսի նոր շտամներից պաշտպանության նպատակներով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիր մտնելու միակ եղանակը կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստ ունենալն է:

Երկրի տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ արտակարգ միջոցառումները գործելու են նվազագույնը մեկ ամիս:

«Սա նշանակում է, որ եթե դուք երկիր գաք, պետք է ունենաք COVID թեստի բացասական արդյունքի ապացույց, որը հանձնել եք մեկնելուց 72 ժամ առաջ, եւ պետք է լրացնեք ուղեւորի որոնման ձեւաթուղթ, ձեր ավիաընկերությունը մինչեւ ձեր թռիչքը ձեզ կխնդրի ապացույց ներկայացնել, որ դա արել եք»,- ասել է Ջոնսոնը:

«Ձեզ կարող են ստուգել նաեւ վայրէջք կատարելիս, իսկ չենթարկվելու դեպքում ձեզ զգալի տուգանքներ կսպառնան, ժամանելուն պես ձեզ 10 օրով կարանտինի մեջ կպահեն՝ ոչ մի պատճառով տանից դուրս չգալով: Կամ դուք պետք է եւս մեկ թեստ հանձնեք 5-րդ օրը եւ սպասեք եւս մեկ բացասական արդյունքի հաստատմանը: Մենք մեր կանոնները խստացնելու ենք ինչպես սահմանին, այնպես էլ երկրում»,- հավելել է Բորիս Ջոնսոնը:

Նշված միջոցառումը վերաբերում է բոլոր ճանապարհորդներին, ներառյալ բրիտանացիներին եւ իռլանդացիներին:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ փակ են լինելու զբոսաշրջային միջանցքները, որոնք 2020 թվականի հուլիսից գոյություն ունեն Մեծ Բրիտանիայի եւ նշանակման տարբեր կետերի միջեւ:

«Գլոբալ մասշտաբով (կորոնավիրուսի) նոր տարբերակների հայտնվելու հետ կապված ռիսկի մակարդակը ներկայումս աճել է, ինչը պահանջում է բոլոր հնարավոր ուղիների արգելափակման ավելի խիստ միջոցառումներ, որոնցով վիրուսի նոր շտամները կարող են հայտնվել Մեծ Բրիտանիայում, մինչ մենք քննարկում ենք հարցը, թե ինչպես դրան ավելի լավ արձագանքենք»,- հայտարարել են տրանսպորտի նախարարությունից:

Նոր միջոցառումները վերանայվելու են փետրվարի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները