Նոր դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության դեպքում

10:44   16 Հունվար 2021    247

Դոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացը, ցույց է տվել ոչ մեծ հետազոտությունը, որի մասին հաշվետվությունը հրապարակվել է դեղարտադրողի՝ Eli Lilly ընկերության կայքում:

Այս հետազոտության տվյալներն առայժմ չեն հրապարակվել գիտական ամսագրում եւ չեն գրախոսվել ուրիշ գիտնականների կողմից:

Դոնանեմաբը դասվում է մոնոկլոնալ հակամարմինների դասին, որոնք հայտնի են պաթոլոգիական ամիլոիդ սպիտակուցին կապվելու եւ այն նյարդային հյուսվածքից դուրս բերելուն նպաստելու ունակությամբ: Ամիլոիդը համարվում է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա այս հիվանդության դեմ դեղերի առաջին փորձարկումն է երկրորդ փուլում, նշում է The New York Times-ը: Այս փուլում դեղերի արդյունավետությունը ստուգում են պացիենտների ոչ մեծ խմբի վրա: Հատկանշական է, որ նախկինում այսպիսի դեղամիջոցների հետազոտություններում երկրորդ փուլը բաց էին թողնում: Առաջին փուլից հետո (այն մարդկանց ոչ մեծ խմբի վրա ցուցադրում էր դեղերի անվտանգությունը) անմիջապես սկսվում էին երրորդ փուլի հետազոտությունները՝ մեծ թվով մասնակիցների վրա արդյունավետության հետազոտումը: Այդպիսի հետազոտություններն ամեն անգամ անհաջողությամբ էին ավարտվում:

Նոր հետազոտությանը մասնակցել է թեթեւ կամ միջին ախտանիշներով Ալցհեյմերի հիվանդությամբ 272 պացիենտ: Նրանց հետազոտել են 2 տարի: Մասնակիցների կեսը ստացել է փորձարարական բուժում՝ յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ կատարել են դեղամիջոցի ներերակային ներարկում:

Փորձարարական բուժում ստացող պացիենտների կոգնիտիվ ունակությունները միջինը 32 տոկոսով ավելի դանդաղ են նվազել, քան պլացեբո ստացողների ունակությունները: Այս խմբի պացիենտների գլխուղեղում ամիլոիդային վահանիկները անհետացել են 6-12 ամսում եւ հետազոտության ընթացքում կրկին չեն հայտնվել:

Դեղամիջոցի հետազոտությանը չմասնակցած գիտնականները նշում են, որ ներկայումս հետազոտության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չկան: Ընկերությունը խոստանում է առաջիկայում դրանք ներկայացնել բժշկական ամսագրերից մեկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալցհեյմեր  


Վերնագիրի այլ պիտակները