Թրամփի փաստաբանը պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

11:03   17 Հունվար 2021    196

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին վերջինիս պաշտոնանկության գործի շրջանակներում զբաղվում է պաշտպանության փաստարկների նախապատրաստմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իրավաբանը հայտնել Է «ABC» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ներկայում ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Ջուլիանին հայտարարել է, որ Թրամփի քաղաքական ընդդիմախոսները փորձում են ապացուցել, որ զանգվածային ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունները պետք է գնահատել որպես «բռնության կոչեր»: Փաստաբանի կարծիքով՝ եթե հաջողվի ապացուցել, որ ընտրակեղծիքների մասին հայտարարությունները գոնե մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա դա դեմոկրատներին կզրկի առանցքային փաստարկից:

Ջուլիանին նաև չի բացառել, որ Թրամփը ցուցմունք կտա դատավարության ժամանակ։

«Նման որոշում միշտ կայացնում են վերջին պահին»,- նշել է նա։

Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել Թրամփին պաշտոնանկ անելու մասին բանաձևին: Փաստաթղթում մեղադրանքի հոդվածը մեկն է՝ խռովության հրահրում։ Բանաձևի հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որի նկատմամբ երկու անգամ պաշտոնանկության գործընթաց է սկսվել։ Նրան պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները