Մեքսիկան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի նկատմամբ ներգաղթի քաղաքականության մեջ բարեփոխումներ կատարելու համար

19:59   19 Հունվար 2021    191

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ԱՄՆ-ին հորդորել է լուրջ բարեփոխումներ կատարել ներգաղթի իր քաղաքականության մեջ, հայտնում է BBC-ին:

Սրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ հարևան Գվատեմալայում հազարավոր ներգաղթյալների շարժն արգելափակվել է ոստիկանության կողմից: Մեքսիկայի նախագահը լիահույս է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը կհամաձայնի այդ հարցի շուրջ աշխատել Մեքսիկայի և այլ երկրների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոտ 7000 ներգաղթյալներ, հիմնականում Հոնդուրասից, մտել են Գվատեմալա` հույս ունենալով ճանապարհորդել Մեքսիկա և ի վերջո հասնել Միացյալ Նահանգներ:

Ամեն տարի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են հասնել Միացյալ Նահանգներ` հաճախ ոտքով, խմբերով, որոնք հայտնի են որպես «ներգաղթյալների քարավաններ»: Նրանք ասում են, որ փախչում են իրենց հայրենի երկրներում հետապնդումներից, բռնություններից և աղքատությունից: Անցյալ տարվա նոյեմբերին Կենտրոնական Ամերիկան պատուհասած երկու հսկայական փոթորիկների գործած ավերածություններն էլ ավելի են վատթարացրել պայմանները, նշում է լրատվականը:

Երկուշաբթի օրվա իր ելույթում Լոպես Օբրադորն ԱՄՆ-ին հորդորել է բարեփոխել ներգաղթի վերաբերյալ իր քաղաքականությունը. «Կարծում եմ, որ եկել է պարտավորությունը կատարելու պահը: Բայդենն իր քարոզարշավի ընթացքում խոսել է ներգաղթյալների հարցի վերաբերյալ բարեփոխումներն ավարտելու մասին, և մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի»:

Նա նշել է, որ իր կառավարությունը փորձելու է համոզել ներգաղթյալներին` չանցնել Մեքսիկայի տարածք, սակայն շեշտել է, որ նրանց իրավունքները պետք է հարգվեն:

Երկուշաբթի օրը, ինչպես հայտնում է BBC-ին, Գվատեմալյում ոստիկանությունը փորձել է Վադո Հոնդո գյուղի մոտակայքում տեղակայված 4000 ներգաղթյալներից բաղկացած ճամբարի բնակիչներին 50 կիլոմետրով ետ տանել դեպի Հոնդուրասի սահման, որի հետևանքով բախում է տեղի ունեցել և ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Ներգաղթյալների քարավանը տեղակայվել էր Գվատեմալայի տարածքում շաբաթ օրվանից` փակելով առանցքային նշանակություն ունեցող մայրուղին: Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Պեդրո Պրոլոն հաղորդել է Հորդուրասի կառավարությանը` օգնել քարքավանի անդամներին անվտանգ անցում կատարել դեպի հայրենիք:

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում էր որդեգրել անօրինական ներգաղթի դեմ, հատկապես Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանի երկայնքով: Նա նաև ճնշում էր գործադրել Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի վրա` միգրանտներին ճնշելու համար:

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է դադարեցնել իր նախորդի խիստ ներգաղթային քաղաքականությունը, սակայն նրա վարչակազմը, որը կպաշտոնավարի չորեքշաբթի օրվանից, նախազգուշացրել է ներգաղթյալներին ճանապարհ չընկնել, քանի որ քաղաքականությունը մի գիշերում փոխվել չի կարող:

Նրանք նշել են, որ «ներգաղթյալները պետք է հասկանան, որ չեն կարողանա անմիջապես մուտք գործել Միացյալ Նահանգներ» ու հավելել, որ առաջնահերթությունը տրվելու է ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալներին, որոնք դեռևս փաստաթղթեր չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները