«Եթե Կապիտոլիումի դեմ հարձակումը ձախողվեց, ապա Թրամփի դեմ տեխնոլոգիական հեղաշրջումը հաջողություն ունեցավ. Սիլիկոնյան հովիտն այլևս չի կարող թաքցնել իր ուժը». The Spectator

19:16   20 Հունվար 2021    192

Բրիտանական The Spectator ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակ Նիլ Ֆերգյուսոնն անդրադարձել է սոցիալական հարթակների վտանգի, դրանց կողմից կիրառվող երկակի ստանդարտների, ինչպես նաև քաղաքական համակարգում ունեցած դրանց դերի մասին:

Ըստ հեղինակն այս թեմայի համատեքստում դիտարկում է իրավիճակը՝ մինչ 2020 թվականի նոյեմբերն ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Մարդկանց մեծ մասը ցանկանում էր դեմ կանգնել տեխնոլոգիաներին, բայց միևնույն ժամանակ նրանք չէին ցանկանում փոխել օրենքներն ու կանոնակարգերը, որոնք կնպաստեին այդ դիրքորոշման արդյունավետությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատկանշական է, որ ավելի քան երեք տարի առաջ նույն ամսագրի էջերում հեղինակը զգուշացրել է Դոնալդ Թրամփի և Սիլիկոնյան հովտի միջև սպասվող բախման մասին. «Սոցիալական մեդիան օգնեց Դոնալդ Թրամփին վերցնել Սպիտակ տունը: Սիլիկոնյան հովիտը թույլ չի տա, որ դա նորից կրկնվի»:

Իր «Հրապարակը և աշտարակը» գրքի եզրակացությունում հեղինակը գրել է, որ նոր, առցանց ցանցային հարթակները ներկայացնում են նոր տիպի իշխանություն, որը հիմնարար մարտահրավեր է ներկայացնում պետության ավանդական հիերարխիկ իշխանությանը:

Խոսելով ցանցային հարթակների մասին` հեղինակը նկատի ունի Facebook-ը, Amazon-ը, Twitter-ը, Google-ը և Apple-ը, որոնց նա կարճ անվանում է FATGA: Նա նշում է, որ այս հարթակներն այսօր, ի տարբերություն 2008 թվականի, շուկայական շախմատի առաջնության աղյուսակում գտնվում են առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում` ավելի բարձր քան չինական Tencent-ն ու Alibaba-ն:

«Տեղի ունեցավ այն, որ ցանցային հարթակներն ի սկզբանե ապակենտրոն աշխարհը վերածեցին օլիգարխիկ կազմակերպված և հիերարխիկ հանրային ոլորտի, որտեղից նրանք գումար էին վաստակում և որի մուտքն ամբողջությամբ վերահսկում էին: Այն, որ այդ ընկերությունների հիմնադիրների սկզբնական, մակերեսորեն ազատական հակումներն արագորեն կփշրվեին ձախ քաղաքական ուժերի ճնշման ներքո, նույնպես միանգամայն ակնհայտ էր», - գրել է հեղինակը և հաջորդիվ մեջբերել Cloudflare ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մեթյու Փրինսի խոսքերը:

«Ես, բառացիորեն, արթնացա վատ տրամադրությամբ և որոշեցի, որ ինչ որ մեկը չպետք է համացանց մուտք գործի: Ոչ ոք չպետք է ունենա այդ ուժը: Մենք սրա շուրջ բանակցություններ պետք է ունենանք` հստակ կանոններով և հստակ շրջանակներով: Իմ, Ջեֆ Բեզոսի, Մարկ Ցուկենբերգի և այլոց քմահաճույքները չպետք է որոշեն թե ինչ կարող է լինել համացանցային հարթակում», - ասել է Մեթյու Փրինսը:

Սակայն 2017 թվականին այս քննարկումները հազիվ էին սկսվել և այդ ժամանակ շատ հանրապետականեր իսկապես հավատում էին այն գաղափարին, որ FATGA -ն ազատ շուկայի չեմպիոնն է և, որ այս ոլորտում կարգավորումները պետք է լինեն շատ չնչին: Նրանք հիմա ավելի լավ են հասկանում այս ամենը, նշում է հեղինակը և հիշեցնում, որ անցյալ տարի Twitter-ը նախազգուշացումներ էր ուղարկել նախագահ Թրամփին, երբ վերջինս պնդում էր, որ ընտրություններում հաղթել է Ջո Բայդենին: Սակայն գործող նախագահի աջակիցների կողմից Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո Facebook և Twitter սոցիալական հարթակներն արգելափակել էին բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում և նախագահի օգտահաշիվները: Մինչդեռ Twitter-ում Թրամփի օգտահաշիվը «ընդմիշտ սառեցվել է»: Ավելի ուշ ամբողջությամբ փակվել է Parler հավելվածը, որը Twitter-ից հետո Թրամփի աջակիցների շրջանում երկրորդ ամենատարածված հավելվածն էր: Այս ամենն, ըստ հեղինակի, ուժի ցնցող ցուցադրում էր:

«Եթե Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակումը ձախողվեց, ապա Թրամփի դեմ տեղի ունեցած տեխնոլոգիական հեղաշրջումը հաղթական հաջողություն է գրանցել» , - նշում է Ֆերգյուսոնը` հիշեցնելով, որ Թրամփի թվիթերյան գրառումներին պատասխանելու իրավունքը օրենքով պաշտպանվել էր 2018 թվականին` Նյու Յորքի դատարանի կողմից:

Այլ կերպ ասած, որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ Թրամփը չէր կարող արգելափակել Twitter- ի օգտատերերին, որպեսզի նրանք չտեսնեին իր գրառումները, սակայն, ըստ երևույթին, Twitter-ի իրավունքների սահմաններում է` նախագահի հաշիվն ընդհանրապես ջնջելը, շեշտել է հեղինակը և հավելել, որ ի հակադրություն սրան՝ հանցագործներն ազատ մուտք ունեն համացանցային հարթակներ:

Հոդվածագիրը նշում է, որ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից առաջ Թրամփն իր աջակիցներին ուղղված կոչով էր հանդես եկել` իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, իսկ անկարգություններից հետո հանդարտության կոչ արել: Սակայն, ըստ հեղինակի, այսպիսի սպառնալիքի ճիշտ պատասխանը Մարկ Ցուկենբերգին, Ջեք Դորսիին և այլոց` մարդկանց համացանցային հարթակից հեռացնելու հանձնարարական տալը չէ: Ճիշտ պատասխանն այն է, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն և ոստիկանությունն թրամփամետ կարգազանցների դեմ իրենց գործ անեն այնպես, ինչպես վերջին երկու տասնամյակի ընթացքում բավական հաջող անում էին դա իսլամիստ ահաբեկիչների դեմ:

Ըստ հեղինակի այս ամենի հիմքում ընկած է անորոշ օրենսդրությունը, որն ընդունվել է 1996 թվականին և նպատակ է ունեցել խթանել նորաստեղծ տեխնոլոգաիական ընկերությունների գործունեությունը: Համաձայն օրենսդրության 230-րդ կետի, համացանցային հարթակի ընկերություններին տրվում է անձեռնմխելիություն, ինչը բացատրվում է նրանով, որ դրանք ազատ հարթակներ են, որտեղ սեփականատերերը պատասխանատու չեն հասարակության հրապարակումների համար:

«Անցյալ տարվա ամռան ընթացքում տեղի ունեցած Black Lives Matter շարժման բազմաթիվ կողմնակիցներ օգտագործում էին սոցիալական մեդիան, ինչպես նաև հիմնական ազատական լրատվամիջոցները՝ իրենց աջակցությունը հայտնելու բողոքի ակցիաներին, որոնք շատ տեղերում վերաճեցին բռնության և ավերածությունների, ինչը շատ ավելի վատ էր, քան այն, ինչ տեղի ունեցավ Կապիտոլիումում անցյալ շաբաթ», - գրել է հոդվածագիրը`հավելելով, որ այստեղ գործում են երկակի ստանդարդներ: Նա համեմատել է Թրամփի խոսքերը, երբ վերջինս իր աջակիցներին կոչ էր անում խաղաղությամբ և հայրենասիրությամբ լսել իրենց սրտի ձայնը և Քամալա Հարիսի խոսքերը վերոնշյալ շարժման ժամանակ, երբ ասում էր, որ այդ ամբոխը կանգ չի առնելու և նախազգուշացնում էր իշխանությանը:

Ավելի վաղ, հունիսի 1-ին, Քամալա Հարիսը Twitter-ի միջոցով հանգանակություն էր սկսել «Մինեսոտայի ազատության հիմնադրամի» համար, որի հանգանակած գումարները պիտի ծախսվեին Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների համար ձերբակալված մարդականց գրավները վճարելու նպատակով:

Խոսելով երկակի ստանդարտների մասին, հեղինակը ևս մեկ դեպք է նշում: Երբ New York Post-ը հրապարակումներ էր արել Ջո Բայդենի որդու` Հանթերի` Չինաստանում ունեցած կասկածելի բիզնես գործարքների մասին, Facebook-ն ու Twitter-ը արգելափակել էին այդ թեմայի վերաբերյալ փաստաթղթերի կցումը. «Մի բան, որ երբեք չի արվել Թրամփին վնաս հասցնող պատմությունների դեպքում», - նշում է Ֆերգյուսոնը:

Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակին և դրա հետևանքներին` հեղինակը նշում է, որ այն ավելի մեծ լիազորություններ է տվել սոցիալական մեդիային` հատկապես այն բանից հետո, երբ շատ երկրներում այս հարթակներն ընդգրկվեցին ոստիկանության գործունեության ոլորտ: Նա հավելում է, որ հենց այս ընթացքում հեռացվել են բազմաթիվ գիտնականների գրություններ, լրագրողների հրապարակումներ:

Ինչպես նշում է հեղինակը, այս խնդիրն արդեն շատ խորն է և այն լուծելը շատ ավելի բարդ, սակայն հիմա, արդեն, շատ ավելի շատ մարդիկ են տեսնում դա:

Եզրափակելով հոդվածը` Ֆերգյուսոնն ասել է.«Ինչպես ճիշտ նկատեց Ջորջ Օրուելը, մենք բոլորս ունակ ենք հավատալու այն բաներին, որոնք գիտենք, որ չեն համապատասխանում իրականությանը, և հետո, երբ վերջապես ապացուցվի, որ սխալ ենք, լկտիորեն աղավաղում ենք փաստերը ՝ ցույց տալու համար, որ մենք ճիշտ էինք»:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները