Բայդենը հրամանների առաջին շարքով չեղարկել է Թրամփի որոշումներից շատերը

10:31   21 Հունվար 2021    193

Ջո Բայդենը սկսել է վերջին 4 տարում իր նախորդի գործողությունների չեղարկումը՝ նախագահի պաշտոնում իր առաջին օրը ստորագրելով հրամանների շարք:

Սպիտակ տան նոր ղեկավարը, մասնավորապես, հրաման է ստորագրել կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի միանալու մասին, որից երկիրը դուրս էր եկել Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Դրանից բացի, Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու, գերազանցապես մուսուլման բնակչությամբ որոշ երկրներից ԱՄՆ մուտքի արգելքի մասին:

Կապիտոլիումում նոր նախագահի երդմնակալությունից փաստացի անմիջապես հետո նրա օգնականները հայտարարել են, որ Բայդենը կչեղարկի գերազանցապես մուսուլման բնակչությամբ որոշ երկրներից ԱՄՆ ուղեւորությունների սահմանափակումները, կկասեցնի ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանի երկայնքով պատի կառուցումը, ինչպես նաեւ կրկին կմիանա կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Անցումային թիմի ներկայացուցիչները նաեւ նշել են, որ Բայդենը կխստացնի համակարգային ռասիզմի եւ գենդերային նույնականության կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դրսեւորումների դեմ պայքարի միջոցառումները: Կչեղարկվի նաեւ Թրամփի հրամանը ոչ քաղաքացիներին մարդահամարից բացառելու մասին:

Բայդենը կկատարի իր նախընտրական խոստումը՝ օգնել ֆինանսապես աղքատ ամերիկացիներին հաղթահարելու կորոնավիրուսային համավարակի հետեւանքները: Նա կերկարաձգի զբաղեցրած բնակարաններից վտարման դաշնային արգելքը եւ դաշնային գործակալություններին կառաջարկի երկարաձգել դաշնային մակարդակում երաշխավորված հիփոթեքային վարկերով գրավագրերի հետգնման ժամկետները:

Նոր նախագահը նաեւ աջակցություն կցուցաբերի ուսանողներին, ովքեր խոշոր կրթական վարկեր են վերցրել, շարունակելով հետագա ութ ամիսների ընթացքում դաշնային ուսանողական վարկերի տոկոսների եւ մայր գումարի վճարումները կասեցնելու պրակտիկան:

Նախագահի օգնականները նշել են, որ Բայդենը առաջիկա 10 օրում կընդունի տասնյակ այլ որոշումներ, քանի որ ձգտում է երկրի հետագա զարգացումն արագ վերակողմնորոշել՝ չսպասելով Կոնգրեսի հավանությանը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսաքին հայտարարել է, որ Բայդենը կչեղարկի պաշտպանության նախարարության արգելքը Զինված ուժերում տրանսսեքսուալների ծառայության մասին, ինչպես նաեւ քաղաքականությունը, որն ԱՄՆ-ին արգելում է ֆինանսավորել միջազգային խմբերին, որոնք աբորտներ են կատարում կամ կանանց օգնում են հղիության ընդհատման ծառայություններ ստանալ:

Ոչ հեռու անցյալում միայն ԱՄՆ երկու նախագահ են հրամաններ ստորագրել պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, եւ յուրաքանչյուրը ստորագրել է այդպիսի միայն մեկ հրաման: Բայց Սպիտակ տան նոր ղեկավարի օգնականները ասել են, թե քանի որ Բայդենը բախվել է կորոնավիրուսի համավարակի սրման հետ, լի է անհապաղ գործելու վճռականությամբ:

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները