Իրանը չի բացառել լրացուցիչ պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ

11:56   21 Հունվար 2021    190

Թեհրանը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդը:

Հունվարի 19-ին, այսինքն՝ նախագահի լիազորությունը վայր դնելուց մեկ օր առաջ, Իրանը արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ընդգրկել էր «սև ցուցակում»: Պատժամիջոցներ են սահմանվել նրա վարչակազմի պաշտոնյաների ՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Պենտագոնի ղեկավարներ Մարկ Էսպերի և Քրիստոֆեր Միլլերի, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասպելի և այլոց նկատմամբ:

«Այս ցուցակը, և, հավանաբար, ուրիշներ էլ կլինեն, պատրաստվել է օրենքի համաձայն՝ այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի դեմ թշնամական գործողություններ են իրականացնում»,-ասել է դիվանագետը:

Բահարվանդի խոսքերով՝ Իրանի քաղաքացիներից և դիվանագետներից ոչ ոք իրավունք չունի կապ հաստատել Թրամփի վարչակազմի անդամների հետ, դա վերաբերում է նաև տնտեսական կապերին:

Նա նաև ավելացրել է, որ ոմանք ցուցակում ընդգրկվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառով: Թեհրանը ամեն ինչ կանի, որպեսզի Ինտերպոլը նրանց կալանավորի և հանձնի Իրանին, եթե նրանք փաստաբաններ չվարձեն իրենց պաշտպանության համար:

Թրամփի և ԱՄՆ պաշտոնատար անձանց նկատմամբ Իրանի պատժամիջոցները սահմանվել են «տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներին, ԱՄՆ արկածախնդրական և ահաբեկչական գործողություններին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում: Իրանի արտաքին գործերի նախարարությունը նրանց մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման, ահաբեկչությանը սատարելու, ինչպես նաև Իրանի ու Իրանի քաղաքացիների դեմ անմարդկային ու ահաբեկչական գործողությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները