Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի վարչակազմի 28 անդամի, այդ թվում՝ Պոմպեոյի նկատմամբ

16:06   21 Հունվար 2021    147

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Միացյալ Նահանգների 28 քաղաքացու, այդ թվում` նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ` Չինաստանի ներքին գործերին միջամտելու «խելահեղ գործողությունների» համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը տարածվել է չորեքշաբթի օրը, երբ տեղի էր ունենում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը՝ վերջ տալով Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանին: Հայտնի է որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները խիստ լարվել են:

Վերոնշյալ հայտարարության համաձայն, պատժամիջոցներ են կիրառվել նաև Թրամփի՝ առևտրի հարցերով նախկին խորհրդական Փիթեր Նավարոյի, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայնի, Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով քարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Սթիլվելի, առողջապահության նախկին նախարար Ալեքս Ազարի նկատմամբ: Պաշտոնական Պեկինը պատժամիջոցներ է կիրառել նաև Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ:

Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիները, ելնելով իրենց եսասիրական քաղաքական շահերից և Չինաստանի հանդեպ ունեցած նախապաշարմունքից և ատելությունից, անարգել են Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների շահերը:

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում հասել են ամենացածր մակարդակին` Թայվանի, Հոնկոնգի, մարդու իրավունքների, կորոնավիրուսային համավարակի, Հարավ-չինական ծովի, առևտրի և լրտեսության շուրջ ունեցած տարաձայնությունների հետևանքով:

Անցյալ տարի Չինաստանը պատժամիջոցներ էր կիրառել ԱՄՆ-ի ևս 11 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում` հանրապետական օրենսդիրների՝ ի պատասխան չինացի պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցների:

Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հուա Չունինգը կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր վարչակազմին համատեղ ջանքերով վերականգնել երկկողմ հարաբերությունները` հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թշնամաբար էր տրամադրված Չինաստանի նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի:

Սակայն Միացյալ Նահանգների նորընտիր վարչակազմը Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում համակարծիք է նախորդ նախագահի հետ:

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները