Լոնդոնը հրաժարվում է ԵՄ դեսպանին լիարժեք դիվանագիտական կարգավիճակ շնորհել

17:16   21 Հունվար 2021    146

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել` ԵՄ դեսպանի կարգավիճակի շուրջ, հայտնում է BBC լրատվականը:

Մեծ Բրիտանիան հրաժարվում է Ջոաո Վալե դե Ալմեյդային տալ լիարժեք դիվանագիտական կարգավիճակ, որը շնորհվում է այլ դեսպաններին: Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ նա և նրա աշխատռակազմի պաշտոնատար անձինք չպետք է ունենան արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք Վիեննայի կոնվենցիայով նախատեսված են դիվանագետների համար:

Ինչպես երևում է, դեսպանը հնարավորություն չի ունենա իր հավատարմագրերը հանձնել թագուհուն, ինչպես առաքելության այլ դիվանագիտական ղեկավարներ:

Բրիտանական կողմի որոշումն ակնհայտորեն հակադրվում է աշխարհի 142 այլ երկրների որոշումներին, որտեղ ԵՄ-ն ունի պատվիրակություններ, և որտեղ նրա դեսպաններին տալիս են նույն կարգավիճակը, ինչ ինքնիշխան պետությունները ներկայացնող դիվանագետներին:

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտնելով իր «լուրջ մտահոգությունները»:

Ենթադրվում է, որ դիվանագիտական իրավունքների մասին հարցը կքննարկվի երկուշաբթի օրը ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ընթացում, որը առաջինն է լինելու դեկտեմբերի 31-ին Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) անցումային շրջանի ավարտից հետո:

Բրիտանիան ցանկանում է ԵՄ պատվիրակությանը վերաբերվել միայն որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ինչը նշանակում է, որ ԵՄ դիվանագետները Վիեննայի կոնվենցիայով սահմանված լիարժեք պաշտպանություն չեն ունենա և կգործեմ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար սահմանված կարգերի համաձայն:

Եվրոպական Միությունը, սակայն, պնդում է, որ տիպիկ միջազգային կազմակերպություն չէ, քանի որ ունի սեփական արժույթը, դատական համակարգն ու օրենսդիր մարմինը:

ԵՄ պաշտոնյաները Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը մեղադրում են երկերեսանիության համար, քանի որ երբ 2010 թվականին ստորագրված Լիսաբոնի պայմանագրի արդյունքում ձևավորվեց ԵՄ-ի արտաքին դիվանագիտական ծառայությունը, Մեծ Բրիտանիան ստորագրեց ԵՄ-ի դիվանագետներին «արտոնությունները շնորհելու» առաջարկները:

Սա մտահոգում է ԵՄ անդամ պետություններին, քանի որ կարող է նախադեպ լինել և ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության փոփոխության պատճառ դառնալ:

«Չնայած քննարկումները դեռ շարունակվում են, մեզ համար տեղին չէ շահարկել վերջնական համաձայնագրի մանրամասները», - ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները